Վլադիմիր Զելենսկին մերժել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի առաջարկը՝ Ուկրաինային Եվրոպական Միության ասոցացված անդամակցություն շնորհելու վերաբերյալ՝ այն անվանելով «անարդար»։
«Անարդար կլինի, որ Ուկրաինան ներկա լինի Եվրոպական Միությունում, բայց մնա առանց քվեարկության իրավունքի։ Ժամանակն է առաջ շարժվել դեպի Ուկրաինայի լիարժեք և իմաստալից անդամակցություն», – Զելենսկիի խոսքերն է մեջբերել Reuters-ը։
Ավելի վաղ Գերմանիայի կանցլերը նամակ է հղել ԵՄ այլ ղեկավարներին և Եվրոպական հանձնաժողովի և Խորհրդի ղեկավարներին՝ առաջարկելով Ուկրաինային տրամադրել հատուկ «ասոցացված անդամի» կարգավիճակ, որը թույլ կտա Կիևի ներկայացուցիչներին մասնակցել ԵՄ կառավարող կառույցներին առանց քվեարկության իրավունքի։
Մերցը իր նախաձեռնությունը ներկայացրել է «ոչ թե որպես ԵՄ անդամակցության ջրիկացված տարբերակ», այլ որպես գործող 2014 թվականի Ասոցացման համաձայնագրի ընդլայնում, որը, նրա կարծիքով, կնպաստի անդամակցության գործընթացի արագացմանը։
Կանցլերը նաև առաջարկել է Ուկրաինան ինտեգրել համայնքի բոլոր ռազմական կառույցներին և տարածել պաշտպանության ոլորտում փոխադարձ օգնություն նախատեսող Եվրոպական Միության մասին պայմանագրի 42.7 հոդվածի վրա։