Վերջին 2 օրերին ընտրական հանցագործությունների քրեական վարույթներով ձերբակալվել է 21 անձ, որոնցից 13-ը կալանավորվել է




Ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առթիվ Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթների շրջանակներում միայն վերջին երկու օրվա ընթացքում ձերբակալվել է 21 անձ, որոնցից 13-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։


Հիշեցնենք, որ վերջին երկու օրերին Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր «Ուժեղ Հայաստան» դաշինքի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների կողմից ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու դեպքերի բացահայտման մասին։Հայաստանում խորհրդարանական հերթական ընտրությունները կկայանան հունիսի 7-ին։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է մայիսի 8-ից և կշարունակվի մինչև հունիսի 5-ը։


Ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։Հակակոռուպցիոն կոմիտեն նաև հայտնել է, որ 2026 թվականի փետրվարի 7-ից մինչ օրս ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 43 քրեական վարույթ, որոնցից 14-ով ձերբակալվել է 67 անձ, քրեական հետապնդում է հարուցվել 75 անձի նկատմամբ, երկու մեղադրյալ նկատմամբ հայտարարվել է հետախուզում, 32 մեղադյրալի նկատմամբ ընտրվել են անազատության հետ կապված կալանք և տնային կալանք խափանման միջոցներ, 29-ի նկատմամբ՝ այլընտրանքային խափանման միջոցներ։ Նշվում է, որ 14 քրեական վարույթով իրականացվել է 134 խուզարկություն։


Leave a Comment