Առաջիկայում սպասվում են ԱԺ ընտրություններ։ Քարոզարշավն արդեն կիսվել է, իսկ ընտրապայքարում շարունակում է պահպանվել լարված մթնոլորտը՝ վիրավորանքներ, ընտրակաշառքների բացահայտումներ, անգամ հայրենիքի դավաճանության մեջ մեղադրվողներ։
Թեմայի շուրջ Radar Armenia-ն զրուցել է քաղաքագետ Գագիկ Քամալյանի հետ։
-Կմեկնաբանե՞ք նախընտրական քարոզարշավը։
Ընդհանուր առմամբ, հայաստանյան քաղաքական իրականությանը համապատասխան քարոզարշավ է ընթանում, ու ոչ մի արտառոց բան չկա․ և՛ 21 թվականին էր այսպիսին քարոզարշավը, և՛ Հայաստանում բոլոր նախընտրական շրջաններն էլ անցել են փոխադարձ վիրավորանքներով, միմյանց հոշոտելու, ոչնչացնելու կոչերով և այլն։ Այս նախընտրական պրոցեսը գաղափարական առումով ամենամեծ նշանակությունն ունի, որովհետև Հայաստանը հիմա կանգնած է ճամփաբաժանի առաջ։ Պարզ է, որ Ռուսաստանն իր էմիսարների միջոցով փորձում է պրոտեկտորատի վերածել Հայաստանը, իսկ գործող իշխանությունն ու ժողովրդի գերակշռող մեծամասնությունը դիմադրում են այս ամենին։ Հետագա ընթացքն արդեն ընտրական պրոցեսի ժամանակ կերևա։
-Որքանո՞վ է այն օգնում ընտրողներին կողմնորոշվել իրենց քվեարկության հարցում։
Այս ամբողջ ընտրազանգվածը մեկ հարթության մեջ չի կարելի տեղավորել: Կան ընտրողներ, որոնք հիմնականում ուշադրություն են դարձնում սոցիալ-տնտեսական զարգացումներին, թե ով ինչ է առաջարկում։ Եվ կան ընտրողներ, որոնք հիմնականում արդարության ծարավ ունեն. այսինքն՝ մտածում են, թե Հայաստանը թալանած, կեղեքած այդ բորենիների իշխանությունը վերջապես ե՞րբ է պատասխան տալու (սրանք իրողություններ են, որոնց հետ Հայաստանի քաղաքացիներն առնչվել են)։ Այստեղ կա նաև արտաքին քաղաքական կողմնորոշման ընտրազանգված. նրանց մի մասը պատկերացնում է, որ Հայաստանը պետք է ոչ բլոկային երկիր լինի, մի մասը Հայաստանը պատկերացնում է արևմտյան բլոկի մեջ, իսկ մյուս մասն էլ, արդեն պարզ է՝ ռուսական։ Նշեմ, որ շատ դեպքերում հնչում են այնպիսի հայտարարություններ, որոնցով Հայաստանը չեն տեսնում որպես անկախ պետություն։
Ընդհանուր առմամբ՝ պայքարը սրա շուրջ է ծավալվում, բայց ես կարծում եմ, որ ընտրություններից երկու շաբաթ առաջ ընտրողների գերակշռող մեծամասնությունն արդեն կողմնորոշված է, և նրանք գիտեն, թե ում են քվեարկելու: Միգուցե չեն բարձրաձայնում, չեն մտնում ընտրական այս թոհուբոհի մեջ, բայց արդեն պատրաստ են և ունեն այդ որոշումը։
-Ընդդիմադիր որոշ ուժերի հետ կապված քրեական գործեր հարուցվեցին՝ ընտրակաշառքի, անգամ պետական դավաճանության ու լրտեսության համար։ Սա ի՞նչ էր նշանակում, ըստ Ձեզ։
Սա պատմական իրադարձություն է, որովհետև երկար տարիներ հրապարակախոսական ու հանրային դաշտում անընդհատ բարձրաձայնվել է այն մասին, որ Հայաստանում կան գործիչներ, որոնք կարող են լինել ռուսական ազդեցության գործակալներ, բայց կարծես թե առաջին անգամ է այդ ամենը նյութականանում, և քրեական գործ է հարուցվում մի մարդու նկատմամբ, որը պետական գաղտնիքներ է փոխանցել այլ երկրի՝ Ռուսաստանի Դաշնությանը։
Գիտեք, հայ ժողովրդի ենթագիտակցության մեջ մի այսպիսի բան է նստած, որ պետական դավաճանությունը պատկերացնում են միայն թուրքերին կամ Ադրբեջանին ծառայելու մեջ: Մտածում են՝ միայն այդ դեպքում կարող են քեզ դավաճան համարել, բայց իրականում պետական դավաճանությունը կապված չէ կոնկրետ երկրի հետ։ Եթե դու քո պետական գաղտնիքը հաղորդում ես այլ երկրի (ամեն դեպքում՝ հաշվի առնենք անմեղության կանխավարկածը), դա արդեն դավաճանություն է։ Եվ առաջին անգամ է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ կապված այսպիսի որոշում է կայացնում. սա շատ կարևոր է արձանագրել, ինչը խոսում է Հայաստանի սուբյեկտայնության բարձրացման մասին։
-Իսկ կարո՞ղ ենք ակնկալել, որ ընտրապայքարի վերջին պահին սրացումներ կունենանք։
Առաջիկա տասնչորս օրերի ընթացքում միգուցե իրավիճակը շատ ավելի կլարվի. Ռուսաստանից հնարավոր են ավելի շատ ահաբեկող հայտարարություններ։ Արդեն գիտեք ծաղկի բիզնեսի հետ կապված որոշումները. մայիսի 22-ից սկսած՝ կարող են մի քանի այդպիսի որոշումներ էլ կայացնել, այսինքն՝ ճնշումը կարող է մեծանալ։ Բայց չեմ կարծում, թե դա կարող է դուրս գալ վերահսկողությունից և նախընտրական շրջանում ինչ-որ քաղաքացիական բախումներ առաջացնել։
Ինձ ավելի շատ հետաքրքրում է այն, որ ընդդիմությունը հասկանում է՝ ուղղակի հնարավորություն չունի ընտրությունների միջոցով հաղթանակ տանելու, որովհետև պարզ է՝ հասարակության մեծամասնությունը դիրքավորված է Փաշինյանի կողմը։ Ուստի փորձում են այնպիսի իրավիճակ ստեղծել, որ գնան հետընտրական զարգացումների։ Իսկ այս հետընտրական զարգացումներում հնարավոր է լինեն լարումներ։
Լիլիթ Աբրահամյան
