Ռոսպոտրեբնադզորը կասեցրել է «Ջերմուկ» հանքային ջրի բոլոր խմբաքանակների ներմուծումը ՌԴ

Ռոսպոտրեբնադզորը ժամանակավոր սանիտարական միջոցառում է սահմանել՝ կասեցնելով հայկական «Ջերմուկ» հանքային ջրի բոլոր խմբաքանակների ներմուծումն ու բաշխումը Ռուսաստանում՝ բիկարբոնատ իոնների, քլորիդների և սուլֆատների ավելցուկային մակարդակի հայտնաբերման պատճառով, հայտնում է «Ինտերֆաքսը»։

«2026 թվականի մայիսի 22-ից Ռոսպոտրեբնադզորը ժամանակավոր սանիտարական միջոցառում է սահմանել՝ կասեցնելով հետևյալ սննդամթերքի ներմուծումն ու բաշխումը Ռուսաստանի Դաշնություն՝ «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ի կողմից արտադրված «Ջերմուկ բնական բուժիչ սեղանի գազավորված խմելու ջուր», – ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։

Նշվում է, որ արտադրանքը չի համապատասխանում պիտակի վրա նշված տեղեկատվությանը։ «Ջրում հայտնաբերվել է բիկարբոնատ իոնների, քլորիդների և սուլֆատների ավելցուկային մակարդակ»։ «Արտադրանքի բուժիչ հատկությունների վերաբերյալ մոլորեցնող տեղեկատվությունը կարող է հանգեցնել անարդյունավետ բուժման և առողջության վատթարացման», – ընդգծել է գերատեսչությունը։

Ռոսպոտրեբնադզորը նաև հայտնել է, որ համապատասխան ծանուցումներ է ուղարկել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազոր մարմիններին։

Ապրիլի վերջին Ռոսպոտրեբնադզորը հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցրել է Ջերմուկի՝ հայկական բնական բուժիչ խմելու ջրի մի քանի խմբաքանակի ներմուծումը և բաշխումը Ռուսաստան։

ՌԴ-ն սահմանափակել էր նաև ՀՀ-ից ծաղիկների, մրգերի ու բանջարեղենի մատակարարումը։ «Ռոսսելխոզնադզորը» մայիսի 20-ին հայտնել էր, որ մայիսի 22-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ծաղիկների ներկրման նկատմամբ՝ մինչև ջերմատնային տնտեսությունների տեսչական ստուգումների ավարտը և դրանց արդյունքների վերլուծությունը։

Leave a Comment