Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության մեկնարկից ի վեր Իսլամական հանրապետությունը Արաբական Միացյալ Էմիրությունների տարածքի ուղղությամբ արձակել է շուրջ 3,3 հազար հրթիռ և անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ԱՄԷ նախագահի դիվանագիտական խորհրդական Անվար Գարգաշը։
«Իրանի հարձակումը մեզ համար վատթարագույն սցենարն էր, բայց կարծում եմ՝ մենք շատ լավ հաղթահարեցինք այն։ Մենք ստեղծել ենք հակաօդային պաշտպանության բավականին հուսալի համակարգ։ Իրանական հրթիռների և անօդաչուների ընդհանուր թիվը, որոնք թիրախավորել են ԱՄԷ-ն պատերազմի 40 օրվա ընթացքում և դրանից հետո, կազմում է մոտ 3,300», – ասել է նա Պրահայում GLOBSEC Forum անվտանգության միջազգային համաժողովի ժամանակ։
Ըստ Գարգաշի պնդման՝ ԱՄԷ-ի տարածքում թիրախներին հասել են այդ հրթիռների և ԱԹՍ-ների միայն մոտ 4%-ը։
ԱՄՆ-ն և Իսրայելն սկսել էին հարվածներ հասցնել Իրանին փետրվարի 28-ին, ապրիլի 8-ին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության էին եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ: Թրամփը հայտարարել էր բանակցությունների մեկնարկի մասին, որը պետք է հանգեցներ Հորմուզի նեղուցի բացմանը։ Իսլամաբադում կայացած բանակցությունների առաջին փուլն ավարտվել էր անարդյունք։ Մայիսի 10-ին Իրանը Պակիստանին էր ուղարկել ԱՄՆ-ի խաղաղության առաջարկի պատասխանը, որը Թրամփն անընդունելի էր համարել։
