Դիմակավորված անձինք խուզարկում են ԲՀԿ թեկնածուների բնակարանները․ Տոնոյան

ԱԱԾ աշխատակիցները խուզարկություններ են իրականացրել ԲՀԿ պատգամավորության թեկնածու Մարտուն Գրիգորյանի բնակարանում և մեղադրյալի կարգավիճակ ունեցող Անդրանիկ Թևանյանի գրասենյակում, հայտարարել է կուսակցության ներկայացուցիչ Իվետա Տոնոյանը։

ԲՀԿ-ն կատարվածը համարում է անհիմն, նպատակային ու համակարգված հարձակում ընդդիմության դեմ, որը հաջորդել է Գյումրիում կայացած բազմամարդ նախընտրական հավաքներին։

«Ակնհայտ է, որ երեկ Գյումրիում տեղի ունեցած բազմամարդ և հզոր հանդիպումներից հետո իշխանությունները հայտնվել են քաղաքական ցնցումների մեջ։ Դրա լավագույն ապացույցը հենց Նիկոլ Փաշինյանի վարքագիծն է՝ վաղ առավոտյան դեռ քնաթաթախ վիճակում մամուլի ասուլիսներ տալու և անհանգիստ հայտարարություններով հանդես գալու տեսքով»,- նշել է նա։

Կուսակցությունը տեղի ունեցողը որակում է որպես քաղաքական հետապնդում և համակարգված հարձակում ընդդիմության դեմ, ինչպես նաև միջազգային դիտորդների ու դիվանագիտական առաքելությունների ուշադրությունն է հրավիրում ստեղծված իրավիճակի վրա։

«Եթե դուք չեք տեսնում, կամ չտեսնելու եք տալիս այս խայտառակ իրողությունները, երբ Նիկոլ Փաշինյանը անգամ ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներ է հնչեցնում ընդդիմության առաջնորդների նկատմամբ, ուրեմն դուք ոչինչ չեք տեսնում»,- շեշտել է Տոնոյանը։

Մայիսի 22-ի առավոտյան ուժայինները քննչական գործողություններ էին սկսել «Մայր Հայաստանի» գրասենյակում՝ կուսակցության ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Անդրանիկ Թևանյանի նկատմամբ խորհրդարանի փակ նիստի տեղեկությունները հրապարակելու վերաբերյալ առաջադրված մեղադրանքների ֆոնին։

Թևանյանի նկատմամբ գործողություններն սկսվել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նրա դեմ պետական դավաճանության հոդվածով քրեական գործ հարուցելու մասին հայտարարությունից մեկ օր անց։

Քննչական կոմիտեն մայիսի 21-ին հայտնել էր Թևանյանի նկատմամբ պետական դավաճանության և լրտեսության փաստով քրվարույթ նախաձեռնելու մասին՝ պատգամավոր լինելու ժամանակ խորհրդարանի՝ 2024-ի փակ նիստի տվյալների հնարավոր հրապարակման պատճառով։ Թևանյանն անհեթեթ էր անվանել իրեն առաջադրված մեղադրանքները՝ նշելով, որ 2023-ի մանդատը վայր էր դրել, և 2024-ին ֆիզիկապես չէր կարող ԱԺ-ում լինել։

Թևանյանը հունիսի 7-ի ԱԺ ընտրություններին պատգամավորության թեկնածու է՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի երկրորդ համարը։

Leave a Comment