Մի քաղաքացիության պատմություն. խառնվել է ՌԴ ԱԳ փոխնախարարը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մի քաղաքացիության պատմություն. խառնվել է ՌԴ ԱԳ փոխնախարարը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նարեկ Կարապետյանի՝ օտարերկրյա քաղաքացիություն ունենալու թեման հետաքրքիր զարգացումներ է ստանում։ Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը շտապեց հայտարարել, որ Կարապետյանը երբեք Ռուսաստանի քաղաքացիություն չի ունեցել։

Ինչպես հայտնի է, երեկ առավոտյան Քննչական կոմիտեն հայտնեց, որ քրեական վարույթ է հարուցել «ՈՒժեղ Հայաստան» դաշինքի ընտրացուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանի կողմից օտարերկրյա քաղաքացիություն ունենալու հանգամանքը թաքցնելու հոդվածով՝ մի փաստ, որը համարվում է պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն խոչընդոտող տեղեկություն։

Քաղաքացիության թեման ի հայտ եկավ այն բանից հետո, երբ հրապարակվեցին Ռուսաստանի իրավաբանական անձանց պետական ռեեստրի պաշտոնական փաստաթղթերը, որտեղ «Մոսպրոմէքսպլուատացիա» ՍՊԸ-ի տվյալներում Կարապետյանը գրանցված է որպես ընկերության մասնակից, և անվան դիմաց նշված է եղել «Ռուսաստանի Դաշնության քաղաքացի»։ Փաստաթղթի համաձայն՝ տվյալները համակարգում մուտքագրվել են 2020 թվականի օգոստոսի 18-ին։

Ինքը՝ Նարեկ Կարապետյանը, հերքում է տեղեկությունները։ Նա և՛ ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, ապա նաև տեսաուղերձ հղել՝ պնդելով, որ որևէ օտար երկրի քաղաքացիություն չունի, չի էլ ունեցել։

«Ես էլ, ինչպես գիտեք, երբեք չեմ ունեցել օտարերկրյա որևէ երկրի անձնագիր՝ ոչ միայն Ռուսաստանի, այլ որևէ երկրի»,- ասել է նա։

Համացանցում այդ փաստաթղթի տարածումից հետո Ռուսաստանի պետական գործակալության պաշտոնական կայքի այդ նյութը դարձել էր անհասանելի։ Սակայն այսօր արդեն այն հասանելի էր՝ որոշակի փոփոխություններով․

Կարապետյանի անվան դիմաց քաղաքացիությունը նշված է «Հայաստանի Հանրապետություն»։ Տեղեկանքում, սակայն, նշված է, որ փոփոխությունը ՌԴ-ից ՀՀ քաղաքացիության կատարվել է ընդամենը երեկ՝ 20.05.2026 թ․։

Ինչո՞ւ Ռուսաստանը շտապեց նման բարձր մակարդակով հերքել Կարապետյանի՝ օտարերկրյա քաղաքացիություն ունենալու փաստը՝ ընդ որում, շատ օպերատիվ։ Առավոտյան Քննչական կոմիտեն հայտարարեց քրեական վարույթի մասին, իսկ արդեն երեկոյան եղավ Գալուզինի հերքումը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Comment