Իրանի կառավարությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները երկրի պաշտպանունակության ամրապնդման, զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման և սպառազինության մեջ գտնվող ռազմական տեխնիկայի արդիականացման համար, Իրանի բանակի գլխավոր հրամանատար Ամիր Խաթամիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը, հայտնել է IRNA-ն։
«Կառավարությունը համակողմանի աջակցություն է ցուցաբերում զինված ուժերին և մտադիր է այսուհետ ևս ամբողջությամբ նպաստել պաշտպանունակության ամրապնդման, բանակի նյութատեխնիկական ապահովման, սպառազինության ու օպերատիվ ենթակառուցվածքների արդիականացման, ինչպես նաև զսպման ներուժի բարձրացման ռազմավարական ծրագրերի իրականացմանը»,- նշել է Փեզեշքիան։
Մայիսի 18-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Կատարի, Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի խնդրանքով հրաժարվել է մայիսի 19-ին Իրանին հասցվելիք նոր հարվածից։ Այդ երկրները հնարավոր են համարում Թեհրանի հետ այնպիսի համաձայնությունների ձեռքբերումը, որոնք նախատեսում են հրաժարում միջուկային զենքից։ Իր հերթին Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային վստահեցրել էր, որ Իրանի ԶՈՒ-ն պատրաստ է իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի և լի է վճռականությամբ՝ հակառակորդին «նոր անակնկալներ» մատուցելու համար։ Իսկ իրանական բանակի ներկայացուցիչ Մոհամմադ Աքրամինիան մայիսի 19-ին խոստացել էր, որ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հարձակումների կրկնության դեպքում Իրանը նրանց դեմ «նոր ճակատներ» կբացի և կդիմի պայքարի նոր մեթոդների։
