Տնտեսագետ, ՏՏ ոլորտի տվյալների վերլուծաբան Սամվել Աշոտյանը Armenia Today-ի «Խոսում ենք գլխավորի մասին» հաղորդմանն անդրադարձել է ԵԱՏՄ-ից ՀՀ-ի հնարավոր դուրս գալու տնտեսական հետևանքներին՝ գազի, էլեկտրաէներգիայի և այլ ներմուծվող ապրանքների կանխատեսվող գնաճին:
Մայիսի 21-ին լրատվամիջոցները հայտնել էին Հայաստանին մատակարարվող գազի գները բարձրացնելու Ռուսաստանի մտադրության մասին: «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել էր էլեկտրաէներգիայի գների բարձրացման մասին, երբ իշխանությունները լռում են այդ մասին կարգավորող մարմնի ղեկավար Մեսրոպ Մեսրոպյանի՝ սակագների բարձրացման հնարավորության մասին հայտարարության ֆոնին։
Նա պաշտոնական թվերի հիման վրա նշել է ներկայում թե՛ ՀՀ-ի, թե՛ յուրաքանչյուր քաղաքացու տնտեսական կախվածության աստիճանը ռուսական էներգակիրներից ու շուկայից:
Տնտեսագետի գնահատմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորացրել է մեր կախվածությունը ՌԴ-ից, իսկ կապերի խզումը նրա հետ մեզ ճգնաժամի կտանի:
«ԵՄ ստանդարտներին, անգամ ՌԴ ստանդարտներին մեր արտադրանքը չենք համապատասխանեցվել, ՀՀ իշխանությունն իր «տնային աշխատանքն» անգամ չի կատարել և փողի մի մասը վատնում է շոուների վրա: Կորցնելով ռուսական շուկան՝ չենք ստանա այլ շուկա: Վազում ենք Եվրոպայի հետևից, երբ մեր իսկ շալվարը մեր հագից ընկնում է»,- նշել է Աշոտյանը: Նա նշել է, որ Հայաստան ներմուծվող ցորենի ավելի քան 90%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին։
Որպես այլընտրանք դիտարկվող Թուրքիան հանդիսանում է աշխարհում ալյուրի խոշորագույն արտադրողներից մեկը, սակայն այդ ուղղությունն ունի քաղաքական գործոններ։ Ըստ տնտեսագետի՝ նպատակը պետք է լինի ոչ թե մի կախվածությունը մյուսով փոխարինելը, այլ շուկայի դիվերսիֆիկացումը։
«Օրվա իշխանությունը խոսում է, որ պետք է Թուրքիայի հետ կարգավորվեն հարաբերությունները, դա է պահանջում ազգային շահը, խնդիր չկա, թո՛ղ օրինակ 20%-ն էլ լիներ Թուրքիայից, մի 20%-ն՝ ուրիշ կետից, որպեսզի մի կետից կախված չլինեինք, բայց այս ողջ ընթացքում իշխանությունները «տնային աշխատանքը» չեն կատարել, չեն դիվերսիֆիկացվել, կոնկրետ հենց ցորենի շուկան, էներգակիրների շուկան ու շատ այլ շուկաներ, այս պահի դրությամբ իրենք մեզ կանգնեցնում են փաստի առաջ»,- նշել է նա։
Փորձագետի խոսքով՝ Հայաստանը տարեկան ներկրում է շուրջ 2 միլիարդ 700 միլիոն խորանարդ մետր բնական գազ։ 2024 թվականի տվյալներով՝ դրա 84%-ը ստացվում է Ռուսաստանից, իսկ 16%-ը՝ Իրանից։ Բացի այդ, Հայաստանի ատոմային կայանի սպեցիֆիկ վառելիքն ամբողջությամբ գնվում է Ռուսաստանից, թեև նմանատիպ վառելիք արտադրում են նաև ԱՄՆ-ն ու Ֆրանսիան։
«Եթե օրվա իշխանությունները գիտեին, որ այս կրիտիկական կետը հասնելու է, եթե մեր կենսական շահը Ռուսաստանի հետ ընդհարման գնալն էր, ապա պետք էր «տնային աշխատանք» կատարել, մտածել կախվածության մասին։ Ամեն ամիս գրեթե 100 հազարի շրջանակում տրանսֆերտներ են գալիս ու բաց աղբյուրներից կարող ենք տեղեկանալ, որ գրեթե 100 հազար հենց արտագնա աշխատող ունենք Ռուսաստանում, որը, պատկերացնենք, երևի մոտավորապես այդքան էլ տնային տնտեսություններ են, կամ մի քիչ ավելի քիչ, այսինքն այստեղ էլ մենք խնդիր ենք ունենում»,- նշել է Աշոտյանը։
Ինչ վերաբերում է արտահանումներին, ապա տնտեսագետի տվյալներով՝ 2021 թվականին դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանումը կազմել է 883 միլիոն դոլար, 2024 թվականին՝ մոտ 3,4 միլիարդ դոլար, իսկ 2025 թվականին՝ 3,2 միլիարդ դոլար։ Միաժամանակ, դեպի ԱՄԷ արտահանումը 2023 թվականի 43 միլիոն դոլարից աճել է՝ հասնելով 5,2 միլիարդ դոլարի, ինչը հիմնականում պայմանավորված է թանկարժեք քարերի և մետաղների վերարտահանմամբ։ Ռուսաստանին է բաժին ընկնում նաև հայկական խմիչքների և պատրաստի գյուղմթերքի արտահանման շուրջ 80%-ը։
«Այդ բոլորը իրական աշխատատեղեր են, մենք չպետք է նայենք միայն այն տեսանկյունից, որ թանկանալու են մթերքները, մենք պետք է նաև հասկանանք, որ աշխատատեղերն են ռիսկի տակ հայտնվում»,- նկատել է փորձագետը։
Աշոտյանի կանխատեսմամբ՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու և Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման պարագայում տնտեսությունը կարճաժամկետ կտրվածքում կբախվի քաոսային իրավիճակի և կառուցվածքային խնդիրների։
Նա պարզաբանել է, որ Փաշինյանը, Հայաստանը չտանելով Եվրամիություն, երկիրը դուրս է հանում այն կառույցից, որն արդեն գոյություն ունի և ինչ-որ կերպ ողջ է պահում հայաստանյան տնտեսական համակարգը։ Նա համոզմունք է հայտնել, որ ռուսական իշխանություններն նույնպես դա լավ են հասկանում, և սա ընդամենը հերթական անգամ հանրությանը մանիպուլացնելու ձև է, քանի որ հասարակությունը մեծապես ցանկանում է եվրոպականացում և ձգտում է ապրել նրա ստանդարտներով՝ տեսնելով այնտեղի բարեկեցությունն ու կենսամակարդակը։
Մանրամասները՝ տեսանյութում։
