ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մեկնաբանել է Հայաստանից Ռուսաստան ծաղիկների ներմուծման սահմանափակումների վերաբերյալ լուրերը։ Նախարարը վստահեցրել է, որ հայկական կողմը դեռևս պաշտոնական փաստաթուղթ չի ստացել, իսկ իրավիճակը մնում է վերահսկելի։
Պապոյանի խոսքով՝ ներկայումս «Ռոսսելխոզնադզորի» մասնագետները գտնվում են Հայաստանում և ստուգումներ են անցկացնում անմիջապես այն ձեռնարկություններում, որոնց նկատմամբ արտահանման սահմանափակումներ են գործում։ Նախարարը նշել է, որ տեսչական ստուգումների արդյունքներով որոշումներ կկայացվեն, և դրական եզրակացությունների դեպքում այդ ընկերությունների արտադրանքի արտահանումը կվերականգնվի։ «Կարծում եմ, սրանք ընթացիկ աշխատանքային պահեր են», – հայտարարել է Պապոյանը։
Պատասխանելով հնարավոր սահմանափակումների ժամկետների մասին հարցին՝ նախարարն ընդգծել է, որ առայժմ առկա է միայն հրապարակում մամուլում, իսկ պաշտոնական փաստաթուղթ հայկական կողմը չի ստացել։
Խոսելով կառավարության հետագա գործողությունների մասին՝ Պապոյանը հայտարարել է, որ գլխավոր ուղղությունը մնում է արտադրանքի որակի չափանիշների բարձրացումը։ Նրա խոսքով՝ վերջին տարում Հայաստանում ստեղծվել են բազմաթիվ ժամանակակից ջերմոցային տնտեսություններ, որտեղ աճեցվում են վարդեր և այլ ծաղիկներ, որոնց որակը, ինչպես պնդում է նախարարը, համապատասխանում է համաշխարհային լավագույն չափանիշներին։
Նախարարը նշել է, որ հայկական ժամանակակից ջերմոցները հագեցած են Ֆրանսիայից, Գերմանիայից, Նիդերլանդներից և այլ երկրներից բերված տեխնոլոգիաներով, ինչը թույլ է տալիս արտադրել համաշխարհային շուկայում էտալոն համարվող հոլանդական վարդերին համադրելի որակի արտադրանք։
Նախարարը հավելել է, որ չի բացառում Հայաստանում այնպիսի ուժերի գոյությունը, որոնք շահագրգռված են ռուսական շուկայում հայ արտադրողների և ֆերմերների համար խնդիրներ ստեղծելով։ Այդուհանդերձ, Պապոյանը վստահեցրել է, որ կառավարությունը վերահսկում է իրավիճակը։
Նրա խոսքով՝ հայկական կողմը պարբերաբար ստանում է նմանատիպ տեղեկություններ, սակայն ծագող հարցերը հաջողվում է լուծել աշխատանքային կարգով։
Որպես օրինակ նախարարը բերել է ռուսական մարկետփլեյսների (առցանց հարթակների) հետ կապված իրավիճակը։ Նրա խոսքով՝ այդ հարթակներ հայկական ընկերությունների մուտքի խնդիրն ընդհանուր առմամբ արդեն կարգավորված է։ Պապոյանը հայտնել է, որ հարյուրավոր հայկական ընկերությունների համար աշխատելու հնարավորությունն արդեն բաց է, իսկ շատ ուրիշներ գտնվում են անհրաժեշտ փաստաթղթերի ստացման փուլում։ Նրա խոսքով՝ մեխանիզմն արդեն գործում է ավտոմատ կերպով. փաստաթղթերը ներկայացնելուց հետո հասանելիությունը բացվում է։