«Հորիզոն»-ի խմբագիրը հայրենադարձվել է՝ Հայաստան-Սփյուռք նոր օրակարգով․ «Սփյուռքի ձայնը»

Լիբանան, Ավստրալիա, ԱՄՆ, Կանադա և վերջապես՝ Հայաստան։ Կանադահայ հեղինակավոր «Հորիզոն» շաբաթաթերթի երկարամյա խմբագիր Վահագն Գարագաշյանը որոշել է փակել իր թափառումների աշխարհագրական շրջանը։ Նա հայրենադարձվել է։ Բայց սա պարզապես բնակության վայրի փոփոխություն չէ, այլ հստակ քաղաքական ու գիտական օրակարգով վերադարձ։

Վահագն Գարագաշյանի վերադարձը յուրօրինակ կոչ է՝ վերանայելու Հայաստան-Սփյուռք հարաբերությունները՝ դրանք զգացմունքային դաշտից տեղափոխելով պրագմատիկ, պետականակենտրոն և ռազմավարական հարթություն։ «Սփյուռքի ձայնը» հաղորդաշարում Վահագն Գարագաշյանը բացահայտում է այն ներուժը, որը Հայաստանը տասնամյակներ շարունակ չի կարողանում կամ չի ցանկանում օգտագործել։

2015-ի ուխտը. երբ որոշումը կայացվում է Ծիծեռնակաբերդում

Շատերի համար հայրենադարձությունը էմոցիոնալ պահի ազդեցություն է, սակայն Վահագն Գարագաշյանի համար դա ինքնության հաշվետվություն էր։ Որոշումը կայացվել էր դեռ 2015-ին՝ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին։ «Ինձ համար հստակ էր՝ սփյուռքահայ Վահագն Գարագաշյանը պետք է վերադառնա, ապրի իր հայրենիքի մեջ և իր ներդրումը բերե պետականաշինության գործին»։

Քաղաքական «ինտրիգ». ինչո՞ւ Հայաստանը չունի Սփյուռքի պատգամավորներ

Վահագն Գարագաշյանը բարձրացնում է մի հարց, որը տարիներ շարունակ «սառեցված» է հայաստանյան քաղաքական միջանցքներում. Սփյուռքի մասնակցությունը երկրի կառավարմանը։ Նա բերում է Ֆրանսիայի, Իտալիայի և անգամ Սալվադորի օրինակը, որտեղ Սփյուռքը ոչ միայն քվեարկում է, այլև ունի հստակ քվոտավորված տեղեր խորհրդարանում։

Ինչո՞ւ Հայաստանում սա չի հաջողվում. նրա պատասխանը սուր է և ուղիղ. «Հավանաբար մտավախություն կառաջանա, որ Սփյուռքի քվեն կրնա շատ բան փոխել Հայաստանի քաղաքականության մեջ։ Բայց մենք պետք է բերենք Սփյուռքի երկարամյա ժողովրդավարական փորձառությունը»։ Ըստ նրա՝ Հայաստանը, որը «Democracy Index»-ով դեռևս համարվում է «հիբրիդային ռեժիմ», կարող է կտրուկ թռիչք կատարել՝ ներգրավելով արևմտյան ժողովրդավարության արժեքները կրող հայրենակիցներին։

Լոբբինգ և տեխնոլոգիա. Սփյուռքը՝ որպես ռազմավարական զենք

Զրույցի ընթացքում «Հայրենիք» և «Հորիզոն» շաբաթաթերթերի խմբագիրը շեշտում է, որ Սփյուռքը պարզապես «փող ուղարկող» դոնոր չէ։ Դա հզոր լոբբիստական մեքենա է և գիտական ներուժ։ Նա հիշեցնում է ԱՄՆ-ի, Կանադայի և Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբերի տասնամյակների փորձը, որը պետք է դառնա Հայաստանի արտաքին քաղաքականության անբաժան մասը։ «Սփյուռքը ռազմավարական ներուժ է։ Մենք ունենք գիտարվեստի, տեխնոլոգիաների հսկայական ներուժ, որը սպասում է ճիշտ ուղղորդման»։

Դերսիմի առեղծվածը. Տեր Սիմոնի ժառանգությունը

Վահագն Գարագաշյանի հայրենադարձության օրակարգը նաև գիտական է։ Նա ուսումնասիրում է Պատմական Հայաստանի ամենաինտրիգային էջերից մեկը՝ Դերսիմի կզլբաշներին։ Սա մի պատմություն է հայերի մասին, որոնք դարեր առաջ ընտրեցին դավանափոխությունը, բայց ոչ թրքացումը։

«Տեր Սիմոն քահանան, երբ կանգնած էր երկընտրանքի առջև, նախընտրեց ընդունել հարևանների կրոնքը, բայց ոչ երբեք թրքանալ։ Այդ մարդիկ Ցեղասպանության ժամանակ փրկեցին ավելի քան 40 հազար հայերի»,- պատմում է նա՝ նպատակ ունենալով լույս սփռել այս քիչ հայտնի, բայց կարևորագույն շերտի վրա։

Կանադահայ նոր սերունդը. հայախոս և հայրենատենչ

Ի հեճուկս այն կարծիքի, թե Սփյուռքը ձուլվում է, Վահագն Գարագաշյանը փաստում է՝ Կանադայում աճում է մի սերունդ, որը ոչ միայն հայախոս է, այլև պատրաստ է տեղափոխվել Հայաստան։ «Ես կճանչնամ 20-22 տարեկան երիտասարդներ, որոնք արդեն հոս են հաստատված։ Իրենք կփափագին իրենց փորձառությունը շնորհել հայրենիքին»։

Leave a Comment