Թրամփը բացառել է Իրանի դեմ պատժամիջոցների մեղմացումը մինչև գործարքի կնքումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր չէ մեղմացնել Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները մինչև կողմերի միջև վերջնական համաձայնագրի ստորագրումը:

«Ո՛չ: Ես իրականում դա չեմ անի, քանի դեռ նրանք չեն ստորագրել համաձայնագիրը: «…» Մենք ոչինչ չենք առաջարկել»,- լրագրողներին հայտնել է Թրամփը՝ պատասխանելով բանակցությունների ընթացքում սահմանափակումների հնարավոր թուլացման մասին հարցին:

Սպիտակ տան ղեկավարը նաև նշել է, որ Իրանի ներկայիս բանակցողների հետ երկխոսություն վարելն ավելի հեշտ է, քան նրանց նախորդների հետ:

Ավելի վաղ Tasnim գործակալությունը, հղում անելով սեփական աղբյուրներին, տեղեկություն էր տարածել, թե իբր ԱՄՆ-ն համաձայնել է ժամանակավորապես մեղմացնել իրանական նավթի դեմ պատժամիջոցները և կարող է դրանք լիովին չեղարկել հակամարտության կարգավորման շրջանակում:

Միևնույն ժամանակ, Թեհրանն ու Վաշինգտոնը շարունակում են ուղերձների փոխանակումը՝ հիմնվելով իրանական կողմի ներկայացրած 14 կետից բաղկացած առաջարկի վրա, հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային: Ըստ Tasnim-ի տվյալների՝ Իրանի նոր առաջարկն ամերիկյան կողմին է փոխանցել Պակիստանը. փաստաթղթում հիմնական շեշտը դրված է մարտական գործողությունների դադարեցման և վստահության ամրապնդման միջոցառումների վրա:

Al Arabiya հեռուստաալիքի տվյալներով՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հաջորդ փուլը կարող է կայանալ հունիսի սկզբին Իսլամաբադում՝ ուխտագնացության (հաջի) սեզոնի ավարտից հետո: Աղբյուրները նշում են, որ կողմերն այժմ աշխատում են համաձայնագրի վերջնական տեքստի վրա:

Միացյալ Նահանգներն ու Իսրայելն Իրանի դեմ պատերազմն սկսել էին փետրվարի 28-ին։ Ապրիլի 7-ին Սպիտակ տան ղեկավարը հայտարարել էր Իսլամական Հանրապետության հետ երկշաբաթյա փոխադարձ հրադադարի մասին։ Թրամփը հայտնել էր, որ հրաժարվել է մայիսի 19-ին նախատեսված Իրանին հարվածելու ծրագրից՝ Կատարի, Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի խնդրանքով։

Leave a Comment