Բիզնեսում վախի մթնոլորտ է, ութ տարում մի հավաբուն էլ չեն սարքել. Սամվել Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը քննադատել է գործող իշխանությունների հայտարարությունները բազմամիլիարդանոց ներդրումների վերաբերյալ և խոստացել երկրում ստեղծել արհեստական բանականության ու բարձր տեխնոլոգիաների հատուկ գոտի:

Կարապետյանի խոսքով՝ ներկայումս գործարարների նկատմամբ հարյուրավոր քրեական գործեր են հարուցվում, իսկ նրանց ընտանիքները ենթարկվում են հետապնդումների ու ճնշումների, ինչի հետևանքով բիզնես միջավայրում տոտալ վախի մթնոլորտ է ձևավորվել։ «Բոլոր բիզնեսմենները վախեցած են, ես չեմ էլ հասկանում՝ ինչից են վախեցած»,- նշել է նա։

Անդրադառնալով իշխանությունների անգործությանը՝ դաշինքի առաջնորդը հիշեցրել է սեփական փորձը և շեշտել, որ այս տարիների ընթացքում ինքը բազմաթիվ գործարաններ ու ձեռնարկություններ է հիմնել, մինչդեռ գործող վարչակազմը որևէ արդյունք ցույց չի տվել։ «Ութ տարի այս մարդիկ գտնվում են իշխանության ղեկին և այդ ընթացքում մի հատ հավի բուն անգամ չեն սարքել»,- ընդգծել է նա՝ հակադարձելով ներդրումների մասին պաշտոնական թեզերին:

Որպես զարգացման այլընտրանքային ուղի՝ Կարապետյանը հայտարարել է հատուկ տեխնոլոգիական գոտիների և համալսարանների հիմնման ծրագրի մասին, որոնք կզբաղվեն արհեստական բանականության և թվային տեխնոլոգիաների ոլորտում բարձրակարգ կադրերի պատրաստմամբ: Ըստ նրա՝ այս ուղղությունների զարգացումը դառնալու է երկրում խոստացված 300 հազար նոր և բարձր վարձատրվող աշխատատեղերի ստեղծման գլխավոր բազաներից մեկը:

Leave a Comment