Հայաստանում հանրությանը մատուցվող ծառայությունների որակի մասին տեղեկանում ես, երբ առնչվում ես դրանց անգործությանը գետնի վրա։ Թվում էր, թե «Վեոլիա ջուր» ընկերությունն անմրցելի է իր պարտավորություններն անբարեխիղճ կատարելու առումով։
Բայց, փաստորեն, «Վեոլիա»-ի պարագան, ինչպես ասում են, փառք է․ զանգահարելիս ժամը 18։00-ից հետո ինչ-որ մարդկանց երբեմն բախտ վիճակում է օպերատորին միանալ և իրենց հուզող հարցերը տալ։
Նրանց գերազանցել է «Գազպրոմ Արմենիան», որի զանգերի կենտրոնի կարճ համարը՝ 8044-ը, առանց ավելորդ սեթևեթանքների պատասխանում է, թե իրենք աշխատում են մինչև ժամը 18։00-ն։
Բանն այն է, որ, օրինակ, այսօր «Գազպրոմ Արմենիա»-ն իրազեկել է, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի մի շարք հասցեներում առավոտյան 9։30-ից մինչև 18։00-ն գազ չի լինելու։ Նախ նշենք, որ գազանջատում եղել է նաև քաղաքի այլ հասցեներում, քան իրազեկել է ընկերությունը։ Ժամը 22։20-ի դրությամբ գազամատակարարումը չի վերականգնվել։ Ընկերությունում թքած ունեն, թե քաղաքացիներից ստացվող հեռախոսազանգերի, թե ֆեյսբուքյան էջի մեկնաբանությունների վրա։