Վանաձորում նախընտրական քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ԲՀԿ ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանի նկատմամբ պետական դավաճանության հոդվածով քրեական գործ հարուցելու մասին, ինչին ի պատասխան պատգամավորության թեկնածուն իշխանություններին մեղադրել է ուղիղ եթերում իրավական համակարգին հրահանգներ տալու և քաղաքական ռեպրեսիաների դիմելու մեջ։
Անդրադառնալով քրեական հետապնդման թեմային՝ Փաշինյանը նշել է, որ արդեն իսկ նախապատրաստվում են համապատասխան նյութերը։
«Վաղը ԱԱԾ-ն սահմանված կարգով հաղորդում կուղարկի Քննչական կոմիտե՝ ակնկալելով, որ Անդրանիկ Թևանյանի դեմ քրեական գործ հարուցվի հայրենիքի դավաճանության հոդվածով»,- հայտարարել է կառավարության ղեկավարը։
Թևանյանն իր հերթին արձագանքել է վարչապետի հայտարարությանը՝ շեշտելով, որ Փաշինյանը հրապարակավ ցուցումներ է տալիս իրավապահ մարմիններին, թե ում նկատմամբ գործ հարուցեն կամ կալանավորեն։
Նա հավելել է, որ հայրենիքի դավաճանության մեղադրանքն իր հասցեին հնչեցնում է մի իշխանություն, որի քաղաքականության հետևանքով կորսվել են Արցախն ու Հայաստանի ինքնիշխան տարածքները:
Թևանյանի խոսքով՝ այս քայլերը վկայում են իշխանության նյարդային վիճակի մասին, և նրանք փորձում են վերարտադրվել բռնաճնշումների միջոցով։
«Սա նշանակում է, որ հաճախորդը հուզված է, նյարդայնացած է, հաճախորդը փրփուրներից է կախվում։ Ինքը մտածում է, որ ռեպրեսիաների դիմելով և հանրահավաքի հարթակից հրահանգներ տալով կարողանալու է վերարտադրվել»,- շեշտել է Թևանյանը։
