Նարեկ Կարապետյանը ՌԴ քաղաքացիություն երբեք չի ունեցել․ Գալուզին

Նարեկ Կարապետյանը ՌԴ քաղաքացիություն երբեք չի ունեցել․ Գալուզին

ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն հերքել է հայկական որոշ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե Հայաստանում ռուս դիվանագիտական ներկայացուցչությունը և դրա աշխատակիցները զբաղվում են երկրի շահերի դեմ ուղղված գործողություններով։

Գալուզինի խոսքով՝ նման հրապարակումները «բացարձակապես իրականությանը չեն համապատասխանում» և հանդիսանում են զրպարտություն, որը նպաստում է Ռուսաստանի դեմ «լրտեսական մոլուցքի» տարածմանը։

Նա ընդգծել է, որ ռուսական դիվանագիտական առաքելության գործունեությունը լիովին համապատասխանում է 1961 թվականի Վիեննայի կոնվենցիային և իրականացվում է ընդունված միջազգային նորմերի շրջանակում։

Փոխարտգործնախարարը նաև նշել է, որ որոշ հրապարակումներում հայ քաղաքական գործիչներին վերագրվում են փաստեր, որոնք «երբեք չեն եղել իրականում»։ Որպես օրինակ՝ նա նշել է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները՝ պնդելով, որ նա երբեք Ռուսաստանի քաղաքացիություն չի ունեցել։

Գալուզինը շեշտել է, որ Մոսկվան շարունակելու է արձագանքել նման հայտարարություններին։

ՌԴ փոխարտգործնախարարը նաև ընդգծել է, որ Հայաստանի՝ միաժամանակ Եվրամիության և ԵԱՏՄ անդամ դառնալը գործնականում անհնար է՝ այն համեմատելով «երկու հարսանիքի միջև պարելու» հետ։

Նրա խոսքով՝ ԵՄ անդամակցության վերաբերյալ քննարկումները հաճախ ունեն պոպուլիստական բնույթ և նման գործընթացներ նախկինում կիրառվել են նաև այլ երկրներում։

«Հայաստանին ԵՄ-ին ներգրավելը պոպուլիստական ​​կարգախոս է. նույն մարտավարությունը կիրառվել է Ուկրաինայի և Մոլդովայի դեմ»,- ասել է նա։ 

Գալուզինը նշել է, որ Ռուսաստանը շարունակում է հայ ժողովրդին դիտարկել որպես «եղբայրական ժողովուրդ», սակայն միաժամանակ չի կարող ընդունել Երևանի դիրքորոշումները ԵԱՏՄ-ին անդամակցության հարցում։

Նա նաև հայտարարել է, որ ԵՄ ներկայացուցիչների ներկայությունը Հայաստանում, ըստ Մոսկվայի, որոշ դեպքերում կարող է դիտարկվել որպես ներքին գործերին միջամտություն։

Leave a Comment