ՀԷՑ-ը 600 մլն դրամ կուղղի բազմաբնակարան շենքերի էլեկտրացանցերի բարելավմանը

ՀԷՑ-ը 600 մլն դրամ կուղղի բազմաբնակարան շենքերի էլեկտրացանցերի բարելավմանը

ՀԷՑ ՓԲԸ 2026թ. ներդրումային ծրագրով նախատեսված աշխատանքները գտնվում են մեկնարկային փուլում, գրել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։ 

«Արդեն իսկ կնքվել են շուրջ 16 մլրդ ՀՀ դրամի բյուջեով կապալի պայմանագրեր և ավելի քան 12 մլրդ ՀՀ դրամ արժողությամբ էլեկտրատեխնիկական սարքավորումների և նյութերի ձեռքբերման պայմանագրեր. ՀԾԿՀ կողմից հաստատված՝ ՀԷՑ-ի 2026 թվականի Ներդրումային ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 46,7 մլրդ ՀՀ դրամ (առանց՝ ԱԱՀ):

2026 թվականի Ներդրումային ծրագրի շրջանակներում այսօր արդեն հայտարարվել է Երևան քաղաքում և ՀՀ մի շարք խոշոր բնակավայրերում շուրջ 600 բազմաբնակարան շենքերի՝ ավելի քան 1500 շքամուտքերի էլ. տնտեսությունների վերանորոգման (շքամուտքերում էլեկտրամատակարարման ցանցի բարելավում) աշխատանքների իրականացման նպատակով կապալառու կազմակերպությունների ընտրության մրցույթ:

Մրցույթն իրականացվելու է 7 լոտերով, որոնք ընդգրկում են թե՛ Երևանի մի շարք վարչական շրջաններ, և թե՛ Կոտայքի, Գեղարքունիքի, Շիրակի և Լոռու մարզերի խոշոր քաղաքներ և բնակավայրեր: ՀԷՑ-ի 2026 թվականի ներդրումային ծրագրում շուրջ 600 բազմաբնակարանային շենքերի էլեկտրամատակարարման ցանցի վերանորոգման և բարելավման աշխատանքների համար նախատեսված է շուրջ 600 մլն ՀՀ դրամ»,- գրել է նա:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment