Ռուսաստանին և Չինաստանին դաշնակիցներ կոչելը սխալ մոտեցում է. քաղաքագետ

Ռուսաստանին և Չինաստանին դաշնակիցներ կոչելը սխալ մոտեցում է. քաղաքագետ

Երեկ Վլադիմիր Պուտինն աշխատանքային այցով ժամանել է Չինաստան։ Այս հանդիպումը տեղի է ունենում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Պեկին այցից օրեր անց:

Թեմայի շուրջ Radar Armenia-ն զրուցել է քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանի հետ։

-Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հանդիպումը։

-Դեռ նորություններ չկան, պաշտոնական փաստաթղթեր չեն ստորագրվել։ Սակայն այցի նպատակները կարելի է բաժանել երկու մասի՝ քաղաքական և տնտեսական։ Քաղաքական այցի նպատակը, կարծում եմ, Թրամփի հետ հանդիպումից հետո Չինաստանի ղեկավարի դիրքորոշումն ու իրավիճակը հասկանալն է, որպեսզի իրենց թիկունքում հանկարծ ինչ-որ պայմանավորվածություններ ձեռք չբերվեն, որովհետև Պուտինի այցի մասին վաղուց էր խոսվում։ Բայց որքանով հասկացանք, դա առկախված էր ԱՄՆ նախագահի այցից։ Պարզ է նաև, որ այստեղ Չինաստանն ԱՄՆ-ի համեմատ ավելի շատ հանդես է գալիս ոչ թե որպես Ռուսաստանի բարեկամ, այլ որպես գործընկեր։ Իրենք այստեղ քննարկելու թեմաներ ունեն՝ նաև Իրանի հետ կապված զարգացումներն ու էներգակիրների խնդիրները։

-Իսկ տնտեսակա՞ն մասով։

-Արդեն որերորդ տարին է՝ Ռուսաստանը ցանկանում է կառուցել «Сила Сибири» կամ «Սիբիրի ուժ 2» գազամուղը, որպեսզի իր գազը, որը եվրոպական շուկայից գրեթե դուրս է մղված, արտահանի Չինաստան։ Սակայն Չինաստանը չի ցանկանում կախվածության մեջ գտնվել մեկ երկրից։ Դրա համար էլ, օրինակ, տեսանք, որ Չինաստանն ու ԱՄՆ-ն ստորագրեցին համաձայնագիր, որով Չինաստանը էներգակիրներ է ձեռք բերելու նաև Ամերիկայից։ Այսինքն՝ իմ կարծիքով, նոր գազամուղի կառուցման մասին փաստաթուղթ չի ստորագրվի, սակայն գուցե արդեն իսկ գոյություն ունեցող առաջին գազամուղի վերաբերյալ որոշակիորեն ավելացնեն ծավալները։ Բացի այդ, ուկրաինական պատերազմի սկզբից հետո Ռուսաստանը մեծապես կախված է Չինաստանից չիպերի ներկրման առումով, և, իհարկե, կան նաև տնտեսական այլ լուրջ խնդիրներ։

-Ըստ Ձեզ՝ այս հանդիպումներից հետո ի՞նչ է սպասվում Իրանի ու Ուկրաինայի շուրջ իրադարձություններում՝ լարվածության ավելացո՞ւմ, թե՞ ընդհակառակը։

-Մեզ մոտ շատ հաճախ թյուր տեսակետ կա, թե աշխարհի գլխավոր երեք երկրների ղեկավարները հանդիպում և ինչ-որ բան են որոշում։ Այո՛, իհարկե, իրենք ունեն ազդեցության լծակներ, բայց շատ հաճախ ասում էին, չէ՞, թե Թրամփը կհարկադրի Զելենսկուն հանձնվել։ Դա այդքան հեշտ չէ։ Այսինքն՝ եթե դու ինքնաբավ ես և ունես նաև այլ դաշնակիցներ, չի կարող ինչ-որ մի երկրի՝ նույնիսկ աշխարհի գերհզոր պետության ղեկավար զանգահարել ու քեզ ինչ-որ բան պարտադրել։

Ինչ վերաբերում է Իրանի իրադարձություններին, մենք տեսնում ենք, որ ԱՄՆ-ն փաստացի մոտ է նոր հարձակման։ Տեսնում ենք, որ երկու կողմերը կրկին էսկալացիայի են տանում իրավիճակը։ Չինաստանն ու Ռուսաստանն այստեղ անելիք չունեն, բացի այն, որ Իրանին ապահովեն որոշակի զենքերով և գնեն իրանական էներգակիրները։ Չնայած ասում են, որ Հորմուզի նեղուցը փակ է, բայց վերջերս Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել էր, որ չինական նավերն անցնում են։ Թե իրենք ինչ են տեղափոխում կամ բերում, դա չենք կարող ասել, բայց, համենայնդեպս, Չինաստանն օգնում է Իրանին։ Ռուսաստանն էլ, իհարկե, իր զբաղվածությունը հաշվի առնելով, դարձյալ ինչ-որ մատակարարումներ կատարում է։

-Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ կողմերի համագործակցության խորացումը՝ հատկապես «անբարենպաստ արտաքին գործոնների» պայմաններում։

-Ռուսաստանի և Չինաստանի մասին շատ հաճախ ասում են, որ դաշնակիցներ են, բայց ես հեռու եմ այդ մտքից։ Չինաստանի համար ուկրաինական այս պատերազմը շատ հարմար է։ Ասում են՝ թող միջնորդեն, ավարտեն, բայց ինչո՞ւ ավարտեն։ Չինաստանը կլանում է ռուսական տնտեսությունը, էժան գներով գնում է ռեսուրսները, մյուս կողմից էլ՝ ԱՄՆ-ի հետ արդեն կարողանում է խոսել Թայվանի խնդրի շուրջ՝ հաշվի առնելով Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի սխալ ռազմավարությունը։ Այսինքն՝ Չինաստանն իրեն դաշնակից չի համարում Ռուսաստանի, առավել ևս՝ ԱՄՆ-ի հետ։ Բայց պարզ է, որ եթե ընտրություն լինի Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև, Չինաստանն ավելի շատ կօգնի Կրեմլի իր գործընկերոջը, քանի որ իրենց ձեռնտու չէ դեմոկրատական Ռուսաստանը։

Իսկ գլոբալ առումով, գիտեք, անկայունությունները, կարծում եմ, աճելու են, և դա ոչ միայն Չինաստանի քաղաքականության արդյունքն է։ Հիմա մենք տեսնում ենք, որ էներգակիրների գինը բարձրանում է, տարբեր մայրցամաքների աղքատ երկրներում, որոնք տուժում են դրանից, ցույցեր են սկսվում։ Սա կարող է գլոբալ անկայունությունների, նոր հակամարտությունների և միգրացիոն աճի պատճառ դառնալ։ Այստեղ գլխավոր ու հետաքրքիր հարցն այն կլինի՝ արդյոք Չինաստանն ի՞նչ սխալ քայլ կկատարի իր տարածաշրջանում, ինչպես արեցին Ռուսաստանն ու ԱՄՆ-ն. դա մենք չենք կարող ասել։ Բայց հուսով եմ՝ Չինաստանում այնքան խելամիտ կգտնվեն, որ նրանց մոտ չի ձևավորվի այն թյուր կարծիքը, թե «մենք ունենք մեծ բանակ և կարող ենք հեշտությամբ լուծել մեր թշնամիների հետ կապված խնդիրները»։

Լիլիթ Աբրահամյան

Leave a Comment