Փաշինյանը հավաստիացրել է, որ չի վնասելու Մոսկվայի շահերին – armeniatoday.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իր քաղաքական թիմը երբեք չի գործել Ռուսաստանի Դաշնության շահերի դեմ։

«Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում ոչ մի կտրուկ գործողություն մենք չենք անելու, մենք խորացնելու ենք այդ հարաբերությունները»,-նշել է նա։

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ չի կարող Ռուսաստանի շահերը վեր դասել Հայաստանի շահերից՝ վստահեցնելով, որ Երևանը Մոսկվայի հետ չի մտնի «հակասությունների, հակադրությունների և առավել ևս՝ լեզվակռվի մեջ»։ 

Որպես ասվածի ապացույց՝ վարչապետը հիշատակել է ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկումը, որի ժամանակ, ըստ Փաշինյանի, նրանք չեն կարողացել մատնանշել որևէ փաստ, թե Հայաստանը երբևէ վնասել է Ռուսաստանի շահերին։

Ռուսաստանը գերտերություն է, որին պետք է հարգանքով վերաբերվել, ասել է նա, հավելելով որ նա այդպես էլ վերաբերվում է ոչ միայն Ռուսաստանին, այլև Ռուսաստանի նախագահին և կառավարության ղեկավարին։

Փաշինյանն ընդգծել է ջերմ հարաբերությունները  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։

«Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ ես ունեմ ընկերական հարաբերություններ՝ բառիս բուն իմաստով։ Ընդհանրապես, կասկածում եմ, որ 2018 թվականից մինչ օրս նա որևէ այլ առաջնորդի հետ ավելի շատ շփումներ ունեցած լինի, քան ինձ հետ»,- նշել է Փաշինյանը՝ հավելելով, որ այդ ժամանակահատվածից ի վեր ՌԴ նախագահի հետ ունեցել է ավելի քան 200 հեռախոսազրույց։

Հատկանշական է, որ իր ելույթում Փաշինյանը չի անդրադարձել ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությանը, թեև նախօրեին ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտնել էր, որ մայիսի 29-ին Աստանայում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովի օրակարգում լինելու է նաև այդ կառույցում Հայաստանի հետագա կարգավիճակի հարցը։

Պուտինը մայիսի 9-ին հայտարարել էր, որ Հայաստանը պետք է հնարավորինս շուտ կողմնորոշվի ԵՄ-ին կամ ԵԱՏՄ-ին անդամակցության հարցում։ Այդ դեպքում, ըստ նրա, հնարավոր է «փափուկ և ինտելիգենտ ամուսնալուծության» ուղին։

Leave a Comment