Էբոլայի նոր շտամը արագ տարածվում է, իսկ պատվաստանյութ դեռ չկա

Էբոլայի նոր շտամը արագ տարածվում է, իսկ պատվաստանյութ դեռ չկա

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ահազանգում է՝ Էբոլայի նոր շտամի դեմ պատվաստանյութի ստեղծումը կարող է տևել առնվազն կես տարի։ ԱՀԿ-ի տվյալներով՝ Կենտրոնական Աֆրիկայում տարածվող Էբոլայի բռնկումը, հավանաբար, սկսվել է դեռ ամիսներ առաջ, սակայն պաշտոնապես հայտնաբերվել է միայն մայիսի 15-ին։ Սա զգալիորեն բարդացրել է վիրուսի տարածումը վերահսկելու փորձերը։

Խոսքը վերաբերում է հազվադեպ հանդիպող Բունդիբուգիո (Bundibugyo) շտամին, որի դեմ ներկայումս ո՛չ հաստատված բուժում կա, ո՛չ էլ գրանցված պատվաստանյութ։ ԱՀԿ-ի մասնագետների խոսքով՝ ամենահեռանկարային փորձարարական պատվաստանյութը մարդկանց վրա փորձարկումների փուլ կարող է հասնել միայն 6-9 ամիս անց։

Ներկայումս Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում և Ուգանդայում գրանցվել է մոտ 600 հավանական վարակման դեպք և 139 մահ։ Սակայն մասնագետները ենթադրում են, որ իրական թվերը կարող են շատ ավելի բարձր լինել։ Լոնդոնի Իմպերիալ քոլեջի (Imperial College London) և ԱՀԿ-ի գնահատմամբ՝ վարակվածների թիվն արդեն կարող է անցնել 800-ը, իսկ վատագույն սցենարի դեպքում՝ հասնել 1000-ի։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment