Սի Ծինփինը Պուտինին հավաստիացրել է, որ Դոնալդ Թրամփի հետ «աշխարհի բաժանման սեպարատ համաձայնություն չունի»




1in.am  Չինաստանի և Ռուսաստանի առաջնորդների պաշտոնական բանակցությունները, որ ընթացել են երկու փուլով, ավարտվել են։ Այդ մասին հայտնել է ՌԻԱ-Նովոստին։ Ըստ հաղորդագրության, Սի Ծինփինը և Վլադիմիր Պուտինը ստորագրել են համատեղ հայտարարություն, որի տեքստը, սակայն, առայժմ հրապարակված չէ։


 


«Մեր հարաբերությունները ինքնաբավ են, կախված չեն միջազգային ընթացիկ կոնյունկտուրայից և օրինակ են ծառայում, թե ինչպես կարելի է ներկայումս պետությունների և ժողովուրդների միջև հարաբերություններ կառուցել»,- մամուլի համար հայտարարության ժամանակ ասել է Ռուսաստանի նախագահը։


 


Վլադիմիր Պուտինը ընդգծել է, որ Ռուսաստանը և Չինաստանը «փոխադարձ առևտրի կայուն համակարգ են ձևավորել, որը գլոբալ շուկաների բացասական միտումներից պաշտպանված» է, կարևորել, որ ապռանքաշրջանառությունը իրականացվում է ռուբլով և յուանով։Պուտինը խոսել է նաև Չինաստանում Ռուսաստանի կողմից ԱԷԿ-ի էներգաբլոկ կառուցելու մասին և հավաստիացրել, որ Մոսկվան պատրաստ է «շարունակել էներգակիրների անխափան մատակարարումը»։


 


Իր հերթին Սի Ծինփինը կարեւորել է, որ Ռուսաստանը և Չինաստանը «նշանակալի ավանդ են բերում միջազգային արդարության պաշտպանությանը», երկու երկրները «երկար տարիներ հավատարիմ են մնում դաշինքների չմիանալու սկզբունքին»։ Չինաստանի առաջնորդը ամփոփել է, որ երկու երկրները «վճռականորեն կպաշտպանեն ՄԱԿ-ի հեղինակությունը և կհակազդեն հեգեմոնիայի դրսևորումներին»։


 


Վերջին ձևակերպման հասցեատերը, անկասկած, Միացյալ Նահանգներն է։ Միավորված ազգերի կազմակերպության հեղինակությունը պաշտպանելու առումով Չինաստանը սկզբունքային խնդիր չունի։ Բայց Ռուսաստանի պարագայում Սի Ծինփինի այդ հավաստիացումը, մեղմ ասած, երկիմաստ է հնչում։


 


ՄԱԿ-ի Կանոնադրության հիմքը բոլոր երկրների ինքնիշծանության, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության սկզբունքն է, որ Ռուսաստանը երկու երկրի՝ Վրաստանի և Ուկրաինայի, նկատմամբ կոպտորեն խախտել է և չի թաքցնում, որ հետխորհրդային ամբողջ տարածքը իր «ազդեցության գոտին» է։ Ուշադրություն է գրավում նաև այն, որ Չինաստանի առաջնորդը Ռուսաստանի հետ էներգետիկ ոլորտում ծրագրերի մասին չի խոսել։


 


Ռուսաստանի նախագահը, կարծես, հասել է Պեկին այցի գլխավոր նպատակին, Սի Ծինփինը ցրել է Դոնալդ Թրամփի հետ «աշխարհի բաժանման սեպարատ համաձայնության» շուրջ Պուտինի կասկածները։ Համենայն դեպս, նրա հրապարակային հայտարարությունից այդպես է հետևում։ ՌԴ նախագահի օգնական Ուշակովը ՏԱՍՍ-ին ասել է, որ Պուտինը և Սին «ինչ-որ բանի շուրջ շատ կարևոր պայմանավորվածություն են ձեռք բերել»։ Առայժմ դժվար է նույնիսկ ենթադրել, թե նա ինչ է նկատի ունեցել։ Ըստ ծրագրի, Պուտինը և Սին պետք է «ընկերական և անկեղծ զրույց ունենան» նաև թեյասեղանի շուրջ։


Leave a Comment