10 000 դրամ թոշակ են ավելացրել, նույնքան էլ՝ նպաստից կտրել. Նունե Հովհաննիսյանը երեխային կերակրելու խնդիր ունի. ահազանգ


Արզնի համայնքի բնակչուհի Նունե Հովհաննիսյանն ունի 5 տարեկան որդի և բազում խնդիրներ:  36-ամյա կինը, NEWSPRESS.am-ի հետ զրույցում նշեց, որ հիվանդ է՝ հաշմանդամության 3-րդ կարգ ունի: Նունե  Հովհաննիսյանի թոշակը, վերջին բարձրացումների ֆոնին, ավելացել է 10 000 դրամով՝ 36 000-ից դառնալով 46 000 դրամ: Բայց փոխարենը նպաստը 10 000 դրամով քիչ է ստանում՝ նախկին 28 000-ի դիմաց ստանալով 18 000 դրամ:

Ընդհանուր 64 000 դրամից տան վարձ է տալիս ու ապրելու և երեխայի՝ գոնե մինիմալ պահանջները բավարարելու համար, շատ քիչ գումար է մնում: Նունե Հովհաննիսյանն ասում է, որ երեխային չի կարող մանկապարտեզ տալ, քանի որ այն վճարովի է, ծանր աշխատանք էլ չի կարող անել, քանի որ ինքը հիվանդ է ու մի քիչ թեթև աշխատանք է փնտրում:

Դիմել եմ համայնքապետարան, որ օգնեն: Մի քանի անգամ օգնել են, բայց էս անգամ ոչինչ չեն տվել: Վերջին անգամ նոյեմբերին են օգնել՝ սնունդ են տվել»,-ասաց կինը:

Մենք կապ հաստատեցինք համայնքապետարանի հետ, որտեղի աշխատակցուհին հաստատեց Նունե Հովհաննիսյանի խոսքերը: Ավելին՝ նա անմիջապես գլխի ընկավ, թե ում մասին է խոսքը, երբ ասացինք, որ իրենց համայնքի բնակչուհիներից մեկն է մեզ դիմել: Հա, օգնել ենք, բայց հո աշխատավարձ չի՞, որ ամեն ամիս տանք»,- խոսափողի այն կողմից ասաց աշխատակցուհին:

Հարցին, թե՝ որքան է մանկապարտեզների վճարը, նա ասաց, որ թեև վճարը 7000 դրամ է, սակայն Նունե Հովհաննիսյանի կարգավիճակը հաշվի առնելով, նրա երեխայի համար զեղչվում է 50%-ով՝ 3500 դրամ:

 

Ինչ վերաբերում է Նունե Հովհաննիսյանի աշխատել-չաշխատելուն, ապա մեզ զրուցակիցը հաստատեց. «Հիվանդ է, երևի չի կարող աշխատել»:

 

Նունե Հովհաննիսյանը խոստովանեց, որ օգնության ակնկալիքով էլի մարդկանց է դիմել:

 

«Անհատներ են օգնել, ապրեն իրենք, շատ շնոհակալ եմ, բայց այսօր երեխայիս սննդի խնդիրն եմ ուզում լուծել»,-ասաց նա:

 

Նա վատ է զգում, որ կարծես մուրում է երեխայի հացը, բայց գոնե այս փուլում, այլ ճար չի տեսնում՝ երեխային սնվել է հարկավոր, իսկ ինքը՝ իր սիմվոլիկ գումարով, չի կարող ապահովել դա:

Արմինե Մկրտումյան

Leave a Comment