Ռուսաստանի և Չինաստանի միջև բարձր մակարդակի բանակցություններում արձանագրվել է լուրջ առաջընթաց՝ կապված գազատարի նոր նախագծի հետ։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ կողմերը հասել են ընդհանուր հայտարարի էներգետիկ այս խոշոր նախագծի շուրջ։
«Իրականում նախագահը հենց բանակցությունների ժամանակ ասում էր, որ, ընդհանուր առմամբ, «Սիբիրի ուժ 2»-ի վերաբերյալ ըմբռնման հիմնական պարամետրերը կան»,- նշել է Պեսկովը։
Նրա փոխանցմամբ՝ արդեն համաձայնեցված են թե՛ գազատարի երթուղին, և թե՛ այն, թե ինչպես է իրականացվելու շինարարությունը։
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք արդեն հստակեցվել են նախագծի իրագործման ժամկետները՝ Կրեմլի խոսնակը պարզաբանել է, որ հստակ ժամանակացույց դեռևս չկա, քանի որ դա հանդիսանում է կոմերցիոն տեղեկատվություն։
Այդուհանդերձ, Պեսկովը բանակցություններում ձեռք բերված այս արդյունքը որակել է որպես «բավականին մեծ ձեռքբերում»՝ հավելելով, որ մնացել է համաձայնեցնել միայն որոշակի նրբություններ։
