«Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածուի կազմակերպմամբ Լոռու մարզի մի շարք ընտրողների բնակարանների վարձավճարները տալու գործով ձերբակալված 4 անձանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը. Radar Armenia-ն տեղեկացավ հակակոռուպցիոն կոմիտեից։
«Ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու և անձի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալված 4 անձանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը»,- ասացին կոմիտեից։
Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդում է, որ պարզվել է՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածուի կազմակերպմամբ մի շարք անձինք օրենսդրական արգելքի պայմաններում տվել են ՀՀ Լոռու մարզի մի շարք ընտրողների բնակարանների վարձավճարները։ Նշվում է, որ դրամական միջոցների շարժի վերահսկումը դժվարացնելու նպատակով ծրագրել են ֆինանսական գործառնությունների համար օգտագործել ռուսական բանկային քարտեր։
