Հնդկաստանի պաշտպանական հետազոտությունների և մշակումների կազմակերպությունը (DRDO) անօդաչու թռչող սարքից սեփական արտադրության կառավարվող հրթիռի հաջող արձակում է իրականացրել, հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը՝ հայտնել է ՏԱՍՍ-ը։
Գերատեսչության տվյալներով՝ DRDO-ն ավարտել է ԱԹՍ-ից արձակվող ULPGM-V3 (Unmanned Aerial Vehicle Launched Precision Guided Missile) բարձր ճշգրտության կառավարվող հրթիռի վերջնական տարբերակի փորձարկումները՝ սերիական արտադրության անցնելու նպատակով։
Փորձարկումներն իրականացվել են «օդ-երկիր» և «օդ-օդ» ռեժիմներով՝ երկրի հարավում գտնվող Անդհրա Պրադեշ նահանգի Կուրնուլ քաղաքի մոտակայքում գտնվող պոլիգոնում։ Նախարարությունն ընդգծել է, որ հրթիռային համալիրի կառավարման համար կիրառվել է ինտեգրված երկրային կառավարման համակարգ (GCS), որն օգտագործում է առաջատար տեխնոլոգիաներ՝ արձակման նախապատրաստման և բուն թռչքի գործընթացներն ավտոմատացնելու համար։
Պաշտպանական գերատեսչությունը հավելել է, որ հրթիռն արտադրվել է բացառապես հնդկական պաշտպանական արդյունաբերության ուժերով՝ փոքր ու միջին բիզնեսի և այլ արդյունաբերական կազմակերպությունների լայն ներգրավմամբ։
