Թրամփը հետաձգել է Իրանին հարվածելու հրամանը և ռազմական գործողության պլան պատրաստել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ընդամենը մեկ ժամ էր մնացել Իրանին նոր հարվածներ հասցնելու հրամանին, երբ ինքը որոշել է դադարեցնել գործողությունը և լրացուցիչ ժամանակ տրամադրել դիվանագիտությանը, գրել է SNN-ը։

Ըստ նախագահի՝ տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմանավերը լիովին պատրաստ էին գործողությունների մեկնարկին։

Թրամփը նաև հավելել է, որ այս որոշումը կայացրել է Պարսից ծոցի երկրների առաջնորդների խնդրանքով, որոնք զանգահարել և մի քանի օր ժամանակ էին խնդրել՝ հաշվի առնելով Պակիստանի միջնորդությամբ ընթացող բանակցությունների դրական դինամիկան և Հաջի սրբազան ամիսը։

Ծոցի երկրները, այդ թվում՝ Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Քաթարն ու Քուվեյթը, մտահոգություն են հայտնել, որ մարտական գործողությունների վերսկսումը կարող է հանգեցնել իրենց էներգետիկ ենթակառուցվածքների թիրախավորմանը և արդեն իսկ սահմանափակումներ են մտցրել ամերիկյան ուժերի կողմից իրենց օդային տարածքի ու ռազմաբազաների օգտագործման հարցում։

ԱՄՆ նախագահը Թեհրանի համար նոր վերջնաժամկետ է սահմանել՝ նշելով, որ պատրաստ է սպասել երկու կամ երեք օր, հնարավոր է՝ մինչև շաբաթվա վերջ, որպեսզի Իրանը ներկայացնի ընդունելի պայմաններ պատերազմն ավարտելու համար։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ թեև իրանական կողմը հասկացել է, որ միջուկային զենքի ստեղծումը կարմիր գիծ է Վաշինգտոնի համար, սակայն Թեհրանի հստակ դիրքորոշումը պարզ կդառնա միայն պայմանագրի ստորագրման ժամանակ։

Եթե բանակցությունները ձախողվեն, Պենտագոնն արդեն ունի մշակված բազմափուլային օդային արշավի մանրամասն պլաններ, որը նախատեսվում է անվանափոխել Sledgehammer (Մեծ մուրճ)։ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի փոխանցմամբ՝ հաստատված հրադադարը կանգնեցրել է Ռազմական լիազորությունների մասին օրենքով սահմանված 60-օրյա ժամկետը, և նոր անվանմամբ գործողության մեկնարկը թույլ կտա Կոնգրեսից թույլտվություն չխնդրել։

Միացյալ Նահանգներն ու Իսրայելն Իրանի դեմ պատերազմն սկսել էին փետրվարի 28-ին։ Ապրիլի 7-ին Սպիտակ տան ղեկավարը հայտարարել էր Իսլամական Հանրապետության հետ երկշաբաթյա փոխադարձ հրադադարի մասին։ Թեհրանի տվյալներով՝ պատերազմի 40 օրվա ընթացքում ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով զոհվել էր 3375 իրանցի։

Ապրիլի 11-ին Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցություններ էին վարել Իսլամաբադում, սակայն կողմերը հակամարտության երկարաժամկետ կարգավորման հարցում համաձայնության չէին եկել մի շարք հակասությունների պատճառով։ Թրամփը հայտնել էր, որ հրաժարվել է մայիսի 19-ին նախատեսված Իրանին հարվածելու ծրագրից՝ Կատարի, Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի խնդրանքով։

Leave a Comment