Միջազգային հարթակում տիրող լարված իրավիճակի պայմաններում Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարները հանդես են եկել երկկողմ հարաբերությունների խորացման և արտաքին քաղաքական սերտ կոորդինացման անհրաժեշտության մասին հայտարարություններով։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՉԺՀ նախագահ Սի Ծինպինը բարձր են գնահատել երկու երկրների միջև առկա փոխգործակցության մակարդակը՝ այն անվանելով համաշխարհային կայունության առանցքային գործոն։
Վլադիմիր Պուտինն իր խոսքում ընդգծել է, որ ռուս-չինական համագործակցությունը միջազգային ասպարեզում հանդիսանում է գլխավոր կայունացնող գործոններից մեկը։ Նրա ձևակերպմամբ՝ կողմերը պաշտպանում են մշակութային ու քաղաքակրթական բազմազանությունը և հարգանքով են մոտենում պետությունների ինքնիշխան զարգացմանը՝ ձգտելով կերտել առավել արդար և ժողովրդավարական աշխարհակարգ։ Ռուսաստանի առաջնորդը շեշտել է, որ ներկայիս լարված աշխարհաքաղաքական համատեքստում երկու պետությունների միջև սերտ համակարգումն առավել քան անհրաժեշտ է դարձել։
Ի պատասխան՝ Չինաստանի ղեկավար Սի Ծինպինը հայտարարել է, որ Պեկինն ու Մոսկվան շարունակում են հաստատակամորեն զարգացնել նոր դարաշրջանի համապարփակ ռազմավարական գործընկերությունը, որը հիմնված է հավասարության, փոխադարձ հարգանքի, բարեխղճության և փոխշահավետ համագործակցության վրա։ ՉԺՀ նախագահի փոխանցմամբ՝ երկրների միջև քաղաքական փոխվստահությունը շարունակաբար խորանում է, իսկ կապերը տնտեսության, առևտրի, ներդրումների, էներգետիկայի, գիտության, տեխնոլոգիաների և մշակույթի ոլորտներում կայուն առաջընթաց են գրանցում։
Սին հավելել է, որ չին-ռուսական հարաբերությունները թևակոխել են ավելի մեծ ձեռքբերումների ու դինամիկ զարգացման նոր փուլ։ Նա ընդգծել է, որ երկկողմ հարաբերությունների երկարաժամկետ, առողջ և բարձրորակ զարգացման խթանումը հանդիսանում է իր և նախագահ Պուտինի ռազմավարական ընտրությունը՝ հաշվի առնելով ինչպես երկու պետությունների հիմնարար շահերը, այնպես էլ համաշխարհային զարգացման ընդհանուր միտումները։
