Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը Այգեձոր համայնքի դպրոցի վարչատնտեսական մասի համակարգող Արթուր Մելիքյանին ազատել է աշխատանքից «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին մասնակցելու պատճառով, գրել է «Հրապարակ» օրաթերթը։
Մելիքյանը թերթին հերքել է այս տեղեկությունները՝ հայտնելով, որ ինքն ավելի շուտ է ազատվել։ Պարբերականը, սակայն, արձանագրել է, որ իրենց հետ զրույցում վերջինս վախեցած և կաշկանդված է։
Այգեձորի միջնակարգ դպրոցի տնօրեն Հայկ Ծաղկյանը թերթին հայտնել է, որ Մելիքյանը մայիսի 14-ին է ազատվել, սակայն պատճառների մասին տեղեկություններ չի փոխանցել։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 13-ին տված ասուլիսի ժամանակ Armenia Today-ի հարցին ի պատասխան հայտարարել էր, որ վարչական աշխատողներն իրավունք ունեն մասնակցելու քաղաքական միջոցառումների, սակայն եթե պարզվի, որ նրանց ստիպել կամ արգելել են մասնակցել հավաքի, ապա նրանք պատասխանատվության կենթարկվեն։
Նա նաև նշել էր, որ այն չորս դպրոցի տնօրենները, որոնց աշակերտները դասաժամին մասնակցել էին քարոզարշավին, հրաժարականի դիմումներ են գրել։ Փաշինյանը, սակայն, նշել է, որ նրանց դիմումները չեն ստորագրվել, վերջնական որոշում կկայացվի ծառայողական քննության ավարտից հետո։
«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը մայիսի 18-ին ՀՀ գլխավոր դատախազություն հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել՝ Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի դասախոսին վերագրվող ձայնագրության հիմքով։
Կարդացեք նաև՝
ԿԸՀ-ի զգուշացումը՝ ուսուցիչներին և աշակերտներին քարոզչության մեջ ներգրավելու ֆոնին
