Իրավապահ համակարգում գաղտնալսումների և ենթադրյալ ընտրակաշառքների գործերով հարուցված քրեական վարույթների ֆոնին առաջացել է տեխնիկական և մարդկային ռեսուրսների խնդիր, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իրավապահ աղբյուրներին։
Թերթի տեղեկությամբ՝ հատկապես գաղտնալսման համար անհրաժեշտ սարքավորումների և այդ աշխատանքն իրականացնող մասնագետների սակավություն կա։ Իրավապահներն, ըստ թերթի աղբյուրների, չեն հասցնում օպերատիվ կերպով գաղտնալսել բոլոր այն անձանց, որոնց նկատմամբ հետաքրքրություն կա ընտրակաշառքի վերաբերյալ վարույթների շրջանակում։
«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ, իրավապաշտպան Գոհար Մելոյանը մայիսի 17-ին հայտարարել էր, որ դաշինքի բերման ենթարկված կամ ձերբակալված համակիրների թիվն արդեն անցնում է 300-ը։ Դաշինքից այս գործողությունները քաղաքական հետապնդում են համարել և նշել, որ դաշինքը գործում է օրենքի շրջանակներում և բացառում է ընտրակաշառքի կիրառումը։
Մասնագիտական շրջանակները հայտարարել էին, որ նախընտրական շրջանում իրավապահ համակարգի ենթադրյալ ընտրակաշառքների և գաղտնալսումների վերաբերյալ հայտարարությունները ակնհայտ քաղաքական հակաքարոզչություն են։
