Եվրոպական կարիերայից՝ հայկական իրականություն․ ինչու՞ Դիանա Գրիգորյանը եկավ Հայաստան․ «Սփյուռքի ձայնը»

Ի՞նչն է ստիպում եվրոպական բարեկեցիկ կյանքով ապրող, տասը տարվա մասնագիտական փորձ ու կայացած կարիերա ունեցող մասնագետին թողնել ամեն ինչ և գալ Հայաստան՝ որպես կամավոր: Սա պատմություն է ոչ թե սովորական զբոսաշրջության, այլ հայրենիքի «ներքին խոհանոցը» բացահայտելու և սեփական արմատներին վերադառնալու մասին:

Փայլուն կարիերա և անսպասելի որոշում

Դիանա Գրիգորյանը, որն արդեն 16 տարի բնակվում է ֆրանսիական Սենտ Էթիեն քաղաքում, միջազգային բիզնեսի և մարքեթինգի հմուտ մասնագետ է: Նրա ընտանիքը Ֆրանսիայում հաջողակ է. եղբայրը՝ Աշոտ Գրիգորյանը, համաշխարհային ճանաչում ունեցող մոդել է, որը համագործակցում է Dolce & Gabbana-ի հետ:

Սակայն, երբ գալիս է ընտրության պահը, Դիանան որոշում է փայլուն ամսագրերի էջերից ու եվրոպական գրասենյակներից տեղափոխվել մի վայր, որտեղ իր կարիքն ավելի շատ կա: «Ես ցանկանում էի դառնալ Հայաստանի կենսատու մի մասնիկը։ Ինձ համար կամավորությունն ամեն ինչ մի կողմ դնելու և սեփական գիտելիքներն ու էությունը հայրենիքի շենացմանը նվիրաբերելու առաքելություն է»,— նշում է Դիանան:

«Դեպի Հայք». կամուրջ՝ զբոսաշրջությունից դեպի իրականություն

Շատ սփյուռքահայերի համար Հայաստանը տոնական է, հյուրընկալ և հեռու: Դիանայի համար «Դեպի Հայք» (Birthright Armenia) հիմնադրամը դարձավ այն գործիքը, որը ջնջեց «զբոսաշրջիկի» պիտակը և նրան հնարավորություն տվեց ապրել հայաստանցու իրական կյանքով՝ իր բարդություններով ու հմայքով: «Զբոսաշրջիկի կարգավիճակը թույլ չէր տալիս լիարժեք բացահայտել հայրենիքս. դա միայն մակերեսային պատկերն էր: Ես ցանկանում էի տեսնել երկրի իրական դիմագիծն՝ իր առօրյա հոգսերով, ներքին անցուդարձով ու կենդանի զարկերակով»: Այսօր Դիանան իր մասնագիտական ներուժն օգտագործում է «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունում: Նրա աշխատանքը միայն մարքեթինգը չէ, այլ ֆրանսիական նրբագեղության և հայկական ավանդույթների միջև կամուրջ ստեղծելը: Նա նկատում է մի կարևոր տարբերություն. եթե Ֆրանսիայում աշխատանքը հաճախ մեխանիկական է, ապա Հայաստանում այն լցված է կենդանի էմոցիաներով:

Վանաձորից մինչև Երևան. ինքնության փնտրտուք

Դիանայի պատմության մեջ առանձնահատուկ տեղ ունի Վանաձորը: Լոռվա բնությունն ու ընտանեկան ջերմությունը նրա էության անբաժան մասն են: Հայաստանում գտնվելու ընթացքում նա ծառ է տնկել և անվանել այն «Կամուրջ»՝ խորհրդանշելով իր կապը երկու հայրենիքների միջև: «Այստեղ ես ինձ բացարձակ ներդաշնակ ու ամբողջական եմ զգում: Չնայած բազմաթիվ ճամփորդություններիս՝ աշխարհի ոչ մի անկյունում չեմ գտել այնպիսի ներքին ուժ ու էներգիա, որքան Հայաստանում»:

Ուղերձ Սփյուռքին. տեսնել հեքիաթի իրականացումը

Դիանա Գրիգորյանի խոսքերով՝ կամավորությունը Հայաստանում ոչ թե զոհողություն է, այլ մեծագույն ձեռքբերում: Նա կոչ է անում բոլոր սփյուռքահայ երիտասարդներին չբավարարվել միայն պատմություններով կամ նկարներով: «Հայաստանը պետք է ոչ թե պատկերացնել, այլ զգալ ու ապրել։ Ինչպես նկատել էր ընկերներիցս մեկը՝ այն հեքիաթները, որոնցով մենք սնվել ենք հեռվում, այստեղ վերածվում են շոշափելի իրականության»: Դիանան վերադառնալու է Ֆրանսիա, բայց արդեն որպես այլ մարդ՝ Հայաստանի հետ անխզելի մասնագիտական ու հոգևոր կապով: Նրա «կամուրջն» արդեն կառուցված է, և այն պատրաստ է ընդունել բոլոր նրանց, ովքեր պատրաստ են հայտնագործել իրենց հայրենիքը նորովի:

Leave a Comment