Մայր Աթոռը դատապարտել է եկեղեցու մասին ԵԽԽՎ գնահատականը – armeniatoday.am

ՀԱԵ Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտել է ԵԽԽՎ նախընտրական պատվիրակության՝ մայիսի 13-ի միջանկյալ հայտարարության մեջ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «քաղաքականության մեջ աննախադեպ ներգրավվածության» վերաբերյալ արձանագրված գնահատականը։

Մայր Աթոռը հայտնել է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցած Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը ԵԽԽՎ հայտարարությունն անվանել է «ապատեղեկատվությամբ ուղղորդյալ և ամբողջովին հակասող ԵԽԽՎ 2026 թ․ հունվարի 25-ի թիվ 2633 (2026) բանաձևին»։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ԵԽԽՎ-ից ակնկալում է հստակ գնահատականներ Հայաստանում Հայոց Եկեղեցու դեմ իշխանությունների սանձազերծած արշավի։

Նշվում է, որ պետական լծակների բացահայտ գործադրմամբ շարունակաբար դրվող արգելքների և սահմանափակումների պայմաններում ուղղակի խոչընդոտներ են հարուցվում Եկեղեցու հոգեխնամ առաքելության մեջ։

«Միջազգային պատկան կառույցների և իրավապաշտպան կազմակերպությունների արդարամիտ արձագանքի են սպասում նաև աշխարհասփյուռ Հայոց Եկեղեցու ինքնակառավարմանը միջամտելու իշխող քաղաքական ուժի հակաիրավական գործողությունները և հատկապես՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում Եկեղեցու ազգընտիր Հայրապետի գահընկեցության ճանապարհով Եկեղեցու «բարենորոգման» մասին արձանագրված հավակնությունները․ մի քայլ, որ ևս հակականոնական է և հակաօրինական»,- ասվում է ԳԽ հայտարարության մեջ։

Մայր Աթոռը հիշեցրել է, որ եկեղեցուց և եկեղեցական իրավասու մարմիններից դուրս որևէ կառույց՝ անգամ պետական ու քաղաքական իշխանությամբ օժտված, չի կարող իրականացնել եկեղեցական կյանքի «բարենորոգում»։

ԳԽ-ն նաև շեշտել է, որ հասցեական արձագանքի են կարոտ անօրինական այնպիսի գործողությունները, ինչպիսիք են՝ հարկադրանքի միջոցներով և սպառնալիքներով եկեղեցականների վրա ներազդելու, մի շարք հոգևորականների նկատմամբ ապօրինի քրեական վարույթներ նախաձեռնելու, եկեղեցական կանոնակարգից շեղված հոգևորականներին խրախուսելու, առանձին քահանաների հետ ապօրինի աշխատանքային պայմանագրեր կնքելու, իսկ կարգալույծներին պետական հովանավորմամբ հոգևոր ծառայության նշանակելու դատապարտելի դեպքերը, որոնք ուղղակիորեն ոտնահարում են ինչպես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, այնպես և մարդու հիմնարար ազատություններն ու իրավունքները։

ԳԽ-ն քննարկել է նաև Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի գումարմանը, երկրի առջև ծառացած արտաքին և ներքին մարտահրավերներին, հակաեկեղեցական արշավին, ապօրինաբար ազատազրկված եկեղեցականների և մյուս հայորդիների նկատմամբ ընթացող իրավական գործընթացներին, կիրակնօրյա դպրոցների դասագրքերի պատրաստման ուղենիշներին, ՀՀ Զինված ուժերում և քրեակատարողական հիմնարկներում իշխանության նախաձեռնությամբ հոգևոր ծառայության դադարեցմանն առնչվող հարցեր։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը խիստ քննադատության էր ենթարկել Հայաստանի մասին ԵԽԽՎ զեկույցը՝ այն որակելով որպես «ամոթալի հարված ժողովրդավարությանը»։ Փաստաբանի պնդմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը նպատակաուղղված քայլեր է ձեռնարկում եկեղեցին կործանելու և հոգևոր առաջնորդին հեռացնելու ուղղությամբ, սակայն զեկույցի հեղինակները նախընտրել են լռել պետական ռեսուրսների բացահայտ չարաշահման և եկեղեցականների ապօրինի կալանավորումների մասին, ինչը նա որակել է որպես «քաղաքական երեսպաշտություն»։

Leave a Comment