Փոխարենը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ԵԽԽՎ-ից ակնկալում է հստակ գնահատականներ Հայաստանում Հայոց Եկեղեցու դեմ իշխանությունների սանձազերծած արշավի, հակառակ երկրի օրենսդրական կարգավորումների և միջազգային իրավունքի՝ պետական լծակների բացահայտ գործադրմամբ շարունակաբար դրվող արգելքների և սահմանափակումների առնչությամբ, որոնք ուղղակի խոչընդոտներ են հարուցում Եկեղեցու հոգեխնամ առաքելության մեջ։ Հասցեական արձագանքի են կարոտ անօրինական այնպիսի գործողությունները, ինչպիսիք են՝ հարկադրանքի միջոցներով և սպառնալիքներով եկեղեցականների վրա ներազդելու, մի շարք հոգևորականների նկատմամբ ապօրինի քրեական վարույթներ նախաձեռնելու, եկեղեցական կանոնակարգից շեղված հոգևորականներին խրախուսելու, առանձին քահանաների հետ ապօրինի աշխատանքային պայմանագրեր կնքելու, իսկ կարգալույծներին պետական հովանավորմամբ հոգևոր ծառայության նշանակելու դատապարտելի դեպքերը, որոնք ուղղակիորեն ոտնահարում են ինչպես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, այնպես և մարդու հիմնարար ազատություններն ու իրավունքները։
Անթույլատրելի և դատապարտելի ենք նկատում հանուն քաղաքական սեփական նկրտումների՝ Եկեղեցուն թիրախավորելը
Այս լույսի ներքո խիստ տարակուսելի է ԵԽԽՎ նախընտրական պատվիրակության՝ մայիսի 13-ի միջանկյալ հայտարարության մեջ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «քաղաքականության մեջ աննախադեպ ներգրավվածության» վերաբերյալ արձանագրված գնահատականը, որը նկատում ենք ապատեղեկատվությամբ ուղղորդյալ և ամբողջովին հակասող ԵԽԽՎ 2026 թ․ հունվարի 25-ի թիվ 2633 (2026) բանաձևին։