Մայիսի 10-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ հանդիպումը նախընտրական փուլում էր, բայց քաղաքականության հետ կապ չուներ, հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։
«Կաթողիկոսի այցելությունը բարեկամական էր, որի ընթացքում քաղաքականության մասին մեկ բառ անգամ չեն խոսել»,- ընդգծել է նա։
Կարապետյանը հիշեցրել է, որ «թե՛ ինքը և թե՛ կաթողիկոսը գտնվում են ապօրինի հետապնդումների տակ» և հավելել, որ քննարկել են ազգային միասնությունը վերականգնելու և ինքնությունը պահպանեղու խնդիրները, նաև անդրադարձել եկեղեցու շուրջ ծավալված իշխանությունների հարձակումներին:
Կարապետյանը նշել է, որ հնարավոր է կասեցնել այս գործընթացները և վստահություն հայտնել, որ նման գործելաոճի հեղինակները «շատ երջանիկ չեն լինելու այդ ամենի համար»։
Հայաստանում գտնվող ԵԽԽՎ պատվիրակությունը, ուսումնասիրելով նախընտրական քարոզարշավը, կոչ էր արել ապահովել հավասար պայմաններ քարոզչության համար, ինչպես նաև մատնանշել էր Հայ Առաքելական եկեղեցու «աննախադեպ ներգրավվածությունը քաղաքականության մեջ»՝ չհստակեցնելով, թե կոնկրետ ինչ միջամտության մասին է խոսքը։
Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը զեկույցը որակել էր աղավաղված։ Փաստաբանի պնդմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը նպատակաուղղված քայլեր է ձեռնարկում եկեղեցին կործանելու և հոգևոր առաջնորդին հեռացնելու ուղղությամբ, սակայն զեկույցի հեղինակները նախընտրել են լռել պետական ռեսուրսների բացահայտ չարաշահման և եկեղեցականների ապօրինի կալանավորումների մասին, ինչը նա որակել էր որպես «քաղաքական երեսպաշտություն»։
Փաշինյանը 2025 թվականից պահանջում է Գարեգին Բ-ի հրաժարականը: Հունվարի 5-ին նա մի խումբ հոգևորականնեի հետ ստորագրել էր ՀԱԵ «բարեփոխումների ճանապարհային քարտեզ», որը նախատեսում է կաթողիկոսի հրաժարականը։ Նախընտրական ծրագրում իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» հայտարարել էր նաև եկեղեցուն հարկելու և կառուցվածքը բարեփոխելու մտադրության մասին։
