Հայ-թուրքական սահմանը կարող է բացվել հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո, թուրքական Cumhuriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է Անկարայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովը։
Հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ Բաքվի դիրքորոշման մասին հարցին Մամեդովը պատասխանել է, որ երկու կողմն էլ ներգրավված է հարաբերությունների կարգավորման գործընթացում: Նա ենթադրել է, որ սահմանը հնարավոր է վերաբացվի հունիսի 7-ի ընտրություններից և հետագա սահմանադրական փոփոխություններից հետո:
Նա պնդել է, որ ՀՀ սահմանադրությունը «պարունակում է տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ»։ Դեսպանի կարծիքով՝ ընտրություններից հետո նախատեսվում են փոփոխություններ և հանրաքվե, որից հետո կարող է ստորագրվել խաղաղության համաձայնագիր և բացվել երկրների միջև սահմանները։
«Երբ տարածքային պահանջները լուծվեն, Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության համաձայնագիր։ Դրանից հետո կարող են բացվել Հայաստանի և Թուրքիայի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները»,- նշել է դիվանագետը։
Մեկնաբանելով Թուրքիայի և Հայաստանի միջև ուղիղ առևտրի մեկնարկը՝ Մամեդովը հայտարարել է, որ գործընթացն արդեն զարգանում է փոքր քայլերով, ներառյալ՝ առևտուրը և տարանցիկ մատակարարումները։
«Ադրբեջանը ևս բացել է առևտրային համագործակցությունը։ Այժմ մենք որոշակի դեր ունենք Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման գործում՝ մատակարարելով նավթ և վառելիք։ Բացի այդ, աջակցում ենք Ղազախստանից և Ռուսաստանից ցորենի ու այլ ապրանքների տարանցմանը Ադրբեջանի տարածքով»,- եզրափակել է դեսպանը։
Մայիսի 13-ին Թուրքիան հայտարարել էր Հայաստանի հետ երկկողմ առևտրի սահմանափակումների վերացման մասին։
Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը փակ է 1993 թվականից՝ Անկարայի նախաձեռնությամբ։ Երկրներն արդեն ավելի քան 4 տարի փորձում են կարգավորել հարաբերությունները: Երկրների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչները պաշտոնական հանդիպումներն սկսել էին 2022 թվականից։
