Կարապետյանը տրանսպորտի բարեփոխման և մետրոյի նոր կայարանների ծրագիր է մշակում․ ԶԼՄ

«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը հայ և միջազգային փորձագետների հետ համատեղ աշխատում է Երևանի տրանսպորտային բարեփոխումների ծրագրի վրա, գրել է «Փաստ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Թերթի տեղեկություններով՝ Կարապետյանի ծրագրով, մասնավորապես, նախատեսվում է մայրաքաղաքը բեռնաթափելու նպատակով Երևանի շուրջը Լոնդոնի, Փարիզի, Բեռլինի, ինչպես նաև Մոսկվայի և խոշոր այլ քաղաքների օրինակով կառուցել ավտոմոբիլային շրջանաձև ճանապարհ:

Ծրագրով նպատակ կա նաև մարզկենտրոնները կապող ժամանակակից տրանսպորտային համակարգ ստեղծել և կառուցել մետրոպոլիտենի 9 նոր կայարան (Աջափնյակ, Դավթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Էրեբունի, Նոր Նորք, Ավան և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում), ինչպես նաև առանձին գծի կառուցում դեպի «Զվարթնոց» օդանավակայան։

Ծրագիրը ներառում է նաև անցում էլեկտրական ավտոբուսների (էլեկտրոբուսների), Երևանի և մարզկենտրոնների միջև երկաթուղային հաղորդակցության զարգացում և ժամանակակից ավտոկայանների կառուցում։

Ծրագրով, ըստ թերթի աղբյուրների, տրանսպորտի սակագնի փոփոխություն չի լինելու։ Միևնույն ժամանակ քննարկվում են նաև թոշակառուների, ուսանողների և դպրոցականների համար արտոնյալ կամ անվճար ուղևորափոխադրման տարբերակներ։

Թերթը հավելել է նաև Կարապետյանի՝ այսպիսի նախագծերում ունեցած մեծ փորձի մասին։

«Կարապետյանի ընկերությունները վերջին տասնամյակների ընթացքում նման նախագծեր իրականացնելու փորձ արդեն ունեցել են աշխարհի մի շարք պետություններում»,- նշել է թերթը։

Հունվարին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ներկայացրել էր Կարապետյանի կողմից առաջարկված տնտեսական զարգացման հայեցակարգը։ Այն բաղկացած է հինգ առանցքային քայլից, որոնք, ըստ նախաձեռնողների, կապահովեն Հայաստանի տնտեսական թռիչքն ու ժողովրդագրական կայունությունը։

Կուսակցության «Մեր ձևով» շարժումն ավելի վաղ առաջարկել էր Մեղրիի զարգացման ծրագիր՝ կենտրոնանալով էներգետիկայի, լոգիստիկայի և բնակարանաշինության վրա, Գեղարքունիքի մարզի զարգացման ծրագիր՝ կենտրոնանալով Սևանա լճում ձմեռային զբոսաշրջության և ձկնաբուծության վրա, ինչպես նաև Հայաստանի քաղաքներում ու գյուղերում գործազրկության կրճատման ծրագիր:

Շարժումը տեղեկացրել էր նաև Ալավերդու կենտրոնական զբոսայգու վերակառուցման ծրագրերի մասին և առաջարկել Վանաձորում երկու արդյունաբերական նախագիծ՝ պարարտանյութերի արտադրության քիմիական գործարանի վերականգնում և քաղաքում նավթի վերամշակման կենտրոնի ստեղծում։ Շարժումը նաև մեկնարկել էր էլեկտրաէներգիայի սակագների նվազեցման համազգային ստորագրահավաք, առաջարկել Սյունիքի մարզի 5 շրջանի զարգացման տեսլական։

Կարդացեք նաև՝ 

Չորրորդ երեխայի համար՝ 2 մլն դրամ, 5-րդի՝ բնակարան․ «Ուժեղ Հայաստանի» ծրագիրը

Leave a Comment