Վաշինգտոնն Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ գործարքի նոր առաջարկը համարում է «անբավարար»

Սպիտակ տունը կարծում է, որ Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ գործարքի թարմացված առաջարկը «անբավարար է գործարք ապահովելու համար», հայտնում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին:

Անանուն ամերիկացի պաշտոնյաների խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է պատերազմն ավարտող գործարք, բայց քննարկում է ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը, քանի որ Իրանը մերժել է իր պահանջներից շատերը և հրաժարվել է էական զիջումներ անել իր միջուկային ծրագրի հարցում:

Աղբյուրները հայտնել են, որ Թրամփը մայիսի 19-ին հանդիպում կունենա ազգային անվտանգության թիմի հետ՝ Իրանի դեմ ռազմական գործողությունները քննարկելու համար: ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան հրատարակությանը հայտնել է, որ եթե Իրանը չփոխի իր դիրքորոշումը, ԱՄՆ-ն ստիպված կլինի շարունակել բանակցությունները «ռումբերով»:

Աղբյուրների խոսքով՝ Իրանի նոր առաջարկը, որը ԱՄՆ-ին է փոխանցվել մայիսի 17-ի երեկոյան՝ պակիստանցի միջնորդների միջոցով, պարունակում է միայն խորհրդանշական բարելավումներ նախորդ տարբերակի համեմատ:

Մասնավորապես, նշվում է, որ առաջարկը ներառում է ավելի շատ հայտարարություններ Իրանի կողմից միջուկային զենքի մշակումից հրաժարվելու պարտավորության մասին, բայց չի պարունակում ուրանի հարստացումը դադարեցնելու կամ բարձր հարստացված ուրանի առկա պաշարները հանձնելու մանրամասն պարտավորություններ:

Մերձավոր Արևելքում իրավիճակը սրվել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից փետրվարին Իրանի վրա հարձակվելու ֆոնին։

Ապրիլի 7-ին ԱՄՆ նախագահը հայտարարել էր երկշաբաթյա երկկողմանի հրադադարի մասին, իսկ ապրիլի 21-ին միակողմանիորեն երկարաձգել այն։

Leave a Comment