Այսօր Թանգարանների միջազգային օրն է. այդ առիթով զրուցում ենք Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանի ետ։
«Բոլորին թվում է թե թանգարանները դեպի անցյալ են նայում, բայց ես կասեի, որ նրանք ամենաշատն են ապագային նայում։ Հակառակ դեպքում անիմաստ կլիներ նրանց հանրային գործունեության դաշտը»,- ասում է Դավիթ Պողոսյանը։
Նա նշում է, որ թանգարանը նախևառաջ պահոց է, որտեղ պահպանվում է ժառանգությունը, բայց այն միտված է ոչ միայն պահպանելու գաղափարին, այլև արդիականացման։ Վերջին տարիներին Հայաստանի պատմության թանգարանը գտնվում է վերաբացման գործընթացում։
«Վերջին տարիներին նաև համալրումներ ունենք, այս համալրումները ոչ միայն ներկայացնում է պատմությունը, այլև հնարավորություն է տալիս, որպեսզի մարդիկ գտնեն զուգահեռներ կամ հաղորդագրություն, որոնք կարևոր են այսօրվա համար։ Ցուցահանդեսներին զուգահեռ մենք իրականացնում ենք տարբեր տիպի միջոցառումներ։ Դրանք կրթական ծրագրեր են, բանախոսություններ են, պանելային քննարկումներ են։ Այս կից կրթական հատվածները միշտ ակտիվ են, որի միջոցով փորձում ենք, որ ժառանգությունը տարբեր շերտերով և կողմերով դառնա արդիական»,— նշում է Դավիթ Պողոսյանը։
«Թանգարանների գիշեր» համաեվրոպական նախաձեռնության շրջանակներում Հայաստանի պատմության թանգարանը վերաբացել է «Գոյապայքար և վերածնունդ. Հայաստանի Հանրապետություն» խորագրով հատվածը։
«Մեր ցանկությունն է, որ թանգարանում այս ամենը չմնա միայն անցյալ, միայն հիշողություն կամ հպարտության առարկա։ Մենք հնարավորություն ենք ստեղծում, որ այս հարթակը աշխատի և ակտուալ լինի այսօրվա համատեքստում։ Մենք մի կարգախոս ունենք՝ որ թանգարանը փորձում է կամրջել անցյալն ու ապագան։ Մեր ամբողջ ջանքը հենց սրան է ուղղված»,- ասում է Դավիթ Պողոսյանը։