Փաշինյանի հետ վիճած կնոջը հրահանգել են ազատման դիմում գրել – armeniatoday.am

Երևանի թիվ 16 պոլիկլինիկայի աշխատակից Արփինե Սողոյանին, ով Արաբկիր վարչական շրջանում վիճաբանել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հրահանգել են աշխատանքից ազատման դիմում գրել։ Տեղեկությունը Armenia Today-ին հաստատել է նրա դուստրը՝ փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ նշելով, որ մայրը աշխատանքի գնալիս է նկատել վարչապետի թիմին և օգտվել նրա հետ խոսելու հնարավորությունից։

Տաթևիկ Սողոյանի պնդմամբ՝ աշխատանքից հեռանալու հրահանգը Երևանի քաղաքապետարանից էր, սակայն նա չի հստակեցրել, թե կոնկրետ ով է զանգահարել մորը։ «Ես կարող եմ հաստատել, որ նման մտադրություն առկա է, թե ում կողմից և այլն, չեմ մեկնաբանում»,- նշել է նա։

Երևանի քաղաքապետարանի Առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը Armenia Today-ին մենաբանելով ազատման մասին լուրը հակադարձել է՝ հայտարարելով, որ «ազատման դիմում գրելու հրահանգ չի եղել»։

Կարապետյանը հաստատել է աշխատակցին զանգահարելու փաստը, սակայն պարզաբանել է, որ նպատակն էր աշխատանքից 1 ժամ 20 րոպե ուշանալու պատճառները պարզելը։ Ըստ Կարապետյանի՝ բուժաշխատողի բացակայությունը խնդիրներ է ստեղծել հերթագրված բուժառուների համար։

«Ցանկացած աշխատակից, անկախ թե ինչով է ինքը զբաղված եղել, 1 ժամ 20 րոպե աշխատանքից ուշանալ հերթագրված բուժառուների պարագայում, այսօրվա ապահովագրության պայմաններում, երբ հերթեր են ու մարդիկ չեն կարողանում նույնիսկ հերթագրվել, այնպես է լինում 3 օր հետո է հերթը հասնում, մարդիկ եկել են, սպասել են, բժիշկը չկա, տնօրենը ընդամենը բացատրություն է ուզել՝ ինչու եք 1 ժամ 20 րոպե ուշացել»,- հավաստիացրել է վարչության պետը։

Միևնույն ժամանակ քաղաքապետարանից աշխատակիցը չի հստակեցրել ապագայում հնարավոր է ազատեն աշխատակցին, միայն նշելով, որ Սողոյանը դեռևս չի ներկայացրել ուշացման վերաբերյալ անհրաժեշտ պարզաբանումները։

Միջադեպը տեղի է ունեցել Փաշինյանի քարոզարշավի ժամանակ, երբ Սողոյանը մոտեցել է վարչապետին և քննադատել նրան՝ հայտարարելով, որ գործող իշխանությունները հանձնել են իր հայրենիքն ու ոչնչացրել մի ամբողջ սերունդ։

Leave a Comment