Քոչարյան-Պուտին «անձնական լավ հարաբերությունները» Հայաստանին ի՞նչ են տվել




1in.am «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ «Պուտինի ընկերոջ» կամ նվազագույնը նրա հետ «անձնական լավ հարաբերություններ ունեցողի» քարոզչություն է ձևավորվում։ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տասը տարիների ընթացքում Վլադիմիր Պուտինը Հայաստան չորս այց է ունեցել։ Առաջին անգամ նա ՌԴ վարչապետի կարգավիճակով մասնակցել է հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հուղարկավորության արարողությանը։


 


Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Պուտինը Հայաստան է այցելել 2001թ․ մայիսին՝ մասնակցելու ՀԱՊԿ գագաթաժողովին, իսկ նույն տարվա սեպտեմբերին նա Երևան է ժամանել պաշտոնական այցով։ Քոչարյանի նախագահության շրջանում Պուտինի Երևան հաջորդ և վերջին այցը կայացել է 2005թ․ մարտին, նա մասնակցել է Հայաստանում Ռուսաստանի տարվա բացման արարողությանը։


 


Այդ այցելությունների արդյունքում Հայաստան-Ռուսաստան միջպետական հարաբերությունները իրավա-պայմանագրային զարգացում չեն ունեցել, մնացել են 1997թ օգոստոսին ստորագրված «Բարեկամության և համագործակցության մասին» պայմանագրի շրջանակներում։


 


Արժե, թերևս, նկատել, որ նախագահի պաշտոնում Հարավային Կովկասի երկրներից Վլադիմիր Պուտինը առաջինը այցելել է Ադրբեջան և 2001թ․ հունվարի 9-ին Հեյդար Ալիևի հետ ստորագրել «Բաքվի հռչակագիր», որով կողմերը ի թիվս այլոց, պարտավորվել են միասնաբար պայքարել «ահաբեկչության, ծայրահեղականության և անջատողականության դեմ»։


 


Խիստ ուշագրավ է, որ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տասը տարիներին Ռուսաստանը ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի միջնորդություն չի իրականացրել։ ԼՂ կարգավորման սկզբունքները բանակցվել են Ֆրանսիայի նախագահ Ժամ Շիրակի միջնորդությամբ և 2007թ․ նոյեմբերին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին ներկայացվել Մադրիդում։


 


Ռուսաստանը նախագահի մակարդակով ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացին միջնորդել է 2008թ․ նոյեմբերի 2-ին, երբ Դմիտրի Մեդվեդևը կազմակերպել է Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպում, որից մնացել է «Մայենդորֆյան հռչակագիր» անվանված փաստաթուղթը։ Այն, ի դեպ, 1994թ․ հրադադարի համաձայնագրից հետո երկրորդն էր, որ Հայաստանը և Ադրբեջանը ստորագրել են։


 


Որտե՞ղ և ինչպե՞ս են դրսևորվել Քոչարյան-Պուտին անձնական լավ հարաբերությունները, հրապարակային հաստատումներ չկան։ Հայտնի է, որ նախագահի պաշտոնը թողնելուց հետո Ռոբերտ Քոչարյանը ռուսաստանյան «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի անդամ է նշանակվել։ Գուցե դա Պուտինի հետ լավ հարաբերությունների շնորհի՞վ էր, բայց դա ի՞նչ կապ ունի Ռուսաստան-Հայաստան միջպետական հարաբերությունների հետ։


 


 


Leave a Comment