ԱԺ-ն հավանություն է տվել դատական նիստերը տեսակապով անցկացնելու հնարավորությանը

ԱԺ պետա-իրավական հարցերով հանձնաժողովը հավանություն է տվել ազատազրկված մեղադրյալների և դատապարտյալների համար տեսակապի կիրառմամբ հեռավար ձևաչափով դատական նիստեր անցկացնելու հնարավորությանը։

Նախաձեռնությունն առաջարկել է ՆԳՆ փոխնախարար Արմեն Ղազարյանը։ Ըստ նրա՝ նախաձեռնությունն ուղղված է գործընթացի մասնակիցների անվտանգության ապահովմանը, հանցագործությունների կանխմանը, ինչպես նաև դատական քննությունները ողջամիտ ժամկետներում անցկացնելուն։ Նա նշել է, որ նման պրակտիկա արդեն կիրառվել է կովիդի համավարակի ժամանակահատվածում, և այժմ կառավարությունը մտադիր են այն մշտական հիմունքներով ինստիտուցիոնալացնել։

Ղազարյանն ընդգծել է, որ նախագիծը հաշվի է առնում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկան, որը թույլ է տալիս հեռավար նիստերի անցկացումը՝ անհրաժեշտ դատավարական երաշխիքների առկայության դեպքում։

«Կարգավորումը հնարավորություն կտա մեղադրյալի և դատապաշտպանի լիարժեք մասնակցությունը դատական նիստին։ Մասնավորապես, սահմանվում է, որ պաշտպանի մասնակցությունը պարտադիր է, ով պետք է գտնվի մեղադրյալի գտնվելու վայրում կամ քրեակատարողական հիմնարկում, ՁՊՎ-ում»,-նշել է Ղազարյանը։

Ըստ պաշտոնյայի, եթե այս ամենը հնարավոր չի լինում ապահովել, ապա դատական պրոցեսը շարունակվում է ընդահնուր կարգով։ 

Նա նաև հավելել է, որ համակարգի ներդրման համար մեկուսարանների, քրեակատարողական հիմնարկների և դատական դահլիճների տեխնիկական հագեցում կպահանջվի։

Leave a Comment