Իսրայելի հարձակումների հետևանքով Լիբանանում զոհվել է 2988 մարդ – armeniatoday.am

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ իսրայելական ռազմաօդային ուժերի կողմից երկրի հարավային և հարավարևելյան շրջաններին հասցված հարվածների հետևանքով վերջին մեկ օրում զոհվել է առնվազն 37 մարդ, ևս 222-ը ստացել են վիրավորումներ, հայտնել է ՏԱՍՍ-ը։

Գերատեսչության տարածած ամփոփագրի համաձայն՝ 2026 թվականի մարտի 2-ից սկսված ռազմական էսկալացիայի հետևանքով զոհվածների ընդհանուր թիվը հասել է 2 988-ի։ Նույն ժամանակահատվածում վիրավորում է ստացել ավելի քան 9 210 քաղաքացի։

Լիբանանի պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ՝ իսրայելական հարձակումները շարունակվում են երկրի բնակավայրերի և ենթակառուցվածքների ուղղությամբ, ինչը հանգեցնում է մարդկային կորուստների աճի և հումանիտար իրավիճակի վատթարացման։

ԱՄՆ-ն և Իսրայելն սկսել էին հարվածներ հասցնել Իրանին փետրվարի 28-ին, ապրիլի 8-ին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության էին եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ: Իսլամաբադում կայացած բանակցությունների առաջին փուլն ավարտվել էր անարդյունք։ ԱՄՆ ռազմածովային ուժերն ապրիլի 13-ին սկսել էին Իրանի նավահանգիստների շրջափակումը։

Թրամփն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունի հետ ապրիլի 16-ին բանակցությունների արդյունքում հայտարարել էր Իսրայելի և Լիբանանի միջև տասնօրյա հրադադարի մասին: Ավելի ուշ հրադադարը երկարաձգվել էր։

Ապրիլի 22-ին նախատեսված բանակցությունների երկրորդ փուլը չէր կայացել։ Մայիսի 1-ին Սպիտակ տունը պաշտոնապես տեղեկացրել էր ԱՄՆ Կոնգրեսին, որ Իրանի հետ պատերազմն ավարտված է համարում։ Մայիսի 5-ին ԱՄՆ-ն հայտնել էր Հորմուզի նեղուցի բացման մասին։

Մայիսի սկզբին Թեհրանն Իսլամաբադի միջոցով Վաշինգտոնին էր փոխանցել համաձայնության հասնելու 14 կետից բաղկացած ճանապարհային քարտեզ, որը պատասխան էր ամերիկյան կողմի նախնական՝ 9 կետանոց նախաձեռնության:

Leave a Comment