Բելգրադն ու Բաքուն կընդլայնեն համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում և կիրականացնեն համատեղ էներգետիկ նախագծեր, հայտնել է ՏԱՍՍ-ը, հղում անելով Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին, ով պաշտոնական այցով գտնվում է Բաքվում։
Սերբիայի նախագահը կարևորել է «Նորա» ինքնագնաց հրետանային կայանքների մատակարարման շուրջ արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունները՝ հավելելով, որ ռազմատեխնիկական փոխգործակցության մեջ առկա է զգալի առաջընթացի ներուժ։
Նա հույս է հայտնել, որ մոտ ժամանակներս կողմերը կբացահայտեն գործակցության նոր ուղղություններ և էականորեն կավելացնեն ապրանքաշրջանառության ծավալները։
Էներգետիկ ոլորտում երկրները նախատեսում են 2027 թվականին սկսել 500 ՄՎտ հզորությամբ գազատուրբինային էլեկտրակայանի շինարարությունը սերբական Նիշ քաղաքում։
Ակնկալվում է, որ Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) հետ համատեղ իրականացվող այս նախագիծը, որի գործարկումը նախատեսված է 2030-ին, կապահովի Սերբիայի էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրության շուրջ 6%-ը։
