Թբիլիսիում ընթացող սամբոյի Եվրոպայի առաջնության երկրորդ մրցումային օրը հայ մարզիկները նվաճել են չեմպիոնական տիտղոսներ և մրցանակային տեղեր, հայտնել է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։
Մարզական սամբոյի 58 կգ քաշային կարգում Կարեն Սարգսյանը նվաճեց ոսկե մեդալ և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։
Գոռ Հարությունյանը՝ 88 կգ քաշային կարգում հաղթեց ադրբեջանցի մրցակցին և նույնպես դարձավ Եվրոպայի չեմպիոն։
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մայիս Ներսեսյանը, հանդես գալով մարտական սամբոյի 64 կգ քաշային կարգում, նվաճեց արծաթե մեդալ՝ դառնալով Եվրոպայի փոխչեմպիոն։
Արծաթե մեդալակիր դարձավ նաև մարտական սամբոյի 98 կգ քաշային կարգում հանդես եկող Լեոնիդ Մելիքյանը։ Իսկ Գևորգ Ազատյանը 79 կգ քաշային կարգում (մարտական սամբո) արժանացավ բրոնզե մեդալի։
Սամբոյի Եվրոպայի առաջնությունն անցկացվում է մայիսի 16-ից 19-ը։
