Իսրայելը Իրանի հետ շարունակվող պատերազմի ընթացքում երկու գաղտնի բազա է կառուցել Իրաքի անապատում, կիրակի առավոտյան հայտնել է The New York Times-ը՝ վկայակոչելով իրաքցի անանուն պաշտոնյաներին, այս մասին գրում է The Jerusalem post-ը՝ հղում անելով The Wall Street Journal-ին։
Ենթադրվում է, որ բազան հայտնաբերվել է մարտի 3-ին բեդվին հովվի կողմից՝ երկրի արևմտյան անապատում։
Համապատասխան զեկույցը հրապարակվել է այն բանից մեկ շաբաթ անց, երբ The Wall Street Journal-ը, վկայակոչելով իրավիճակին ծանոթ մի քանի աղբյուրների, հայտնել էր Իսրայելի կողմից Իրաքի անապատի հեռավոր հատվածում կառուցված առաջին գաղտնի ռազմաբազայի մասին, որի նպատակն էր աջակցել Իրանի դեմ պատերազմում իրականացվող ավիահարվածներին։
Ըստ The Wall Street Journal-ի՝ բազայում տեղակայված են եղել ռազմաօդային ուժերի հատուկ նշանակության ջոկատներ, և այն ծառայել է որպես լոգիստիկ հանգույց։ Այնտեղ տեղակայվել են Իսրայելի պաշտպանության բանակի զորքերը այն դեպքի համար, եթե օդաչուները խոցվեին թշնամու տարածքում։
Զեկույցում նաև նշվում է, որ ՑԱԽԱԼ-ը քիչ էր մնում հարվածներ հասցներ իրաքյան զորքերին, որոնք գրեթե հայտնաբերել էին գաղտնի բազան։
Մարտի 4-ին տեղացի հովիվը նկատել է անսովոր ակտիվություն, ներառյալ ուղղաթիռների թռիչքներ, և տեղեկացրել Իրաքի զինվորականներին։
Պաշտոնյաներից մեկը The Wall Street Journal-ին հայտնել է, որ ՑԱԽԱԼ-ը ավիահարվածներով հեռացրել է իրաքյան զինվորականներին։ Միջադեպի հետևանքով մեկ իրաքցի զինվոր է զոհվել։
Ամերիկյան աղբյուրը The Wall Street Journal-ին հայտնել է, որ ամերիկյան ուժերն այս հարցում ներգրավված չեն եղել։ Ի տարբերություն առաջին բազայի, ըստ The New York Times-ի պնդման, հիշատակվող երկրորդ բազան «ստեղծվել է ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի միջև ընթացիկ պատերազմից առաջ» և օգտագործվել է 2025 թվականի հունիսին «Հառնող առյուծ» (Operation Rising Lion) գործողության ժամանակ։
Բացի այդ, զեկույցում նշվում է, որ Իսրայելը բազայի կառուցման նախապատրաստական աշխատանքները սկսել էր դեռևս 2024 թվականին։
