
Կառավարությունից հաստատում են, որ ձերբակալվելուց հետո Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն տեղափոխված քաղաքացին ինքնասպանություն է գործել:
Առողջապահության նախարարության պարզաբանման համաձայն՝ «ձերբակալված անձի կարգավիճակ ունեցող քաղաքացին ոստիկանության որոշմամբ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն ընդունվել էր մայիսի 16-ին, որտեղ ենթարկվել էր նախնական զննության մասնագետների կողմից և ստացել համապատասխան բժշկական նշանակումներ»։
«Ցավոք, տեղի է ունեցել ինքնավնասման ավարտուն գործողություն, որը կատարվել է շատ կարճ ժամանակահատվածում։ Բժշկական անձնակազմն անմիջապես արձագանքել է իրավիճակին և իրականացրել անհրաժեշտ շտապ միջոցառումները, սակայն, ցավոք, պացիենտի կյանքը փրկել չի հաջողվել», – փոխանցում է առողջապահական գերատեսչությունը:
Factor TV-ն հաղորդում է, որ Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպանություն գործած անձը Արմեն Հովհաննիսյանն է, որը հոգեկան առողջության հետ կապված խնդիր է ունեցել: Նա, ըստ նույն աղբյուրի, ձերբակալվել է նախընտրական պաստառ պոկելու համար, ինչի կապակցությամբ Քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել:
«Ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 1-ին մասով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը)», – հայտնել են Քննչականից:
Factor TV-ի տեղեկություններով՝ քննվող վարույթի շրջանակում Արմեն Հովհաննիսյանին դեռևս մեղադրանք ներկայացված չի եղել:
Ոստիկանությունից էլ պարզաբանել են. – «Ա. Հովհաննիսյանը ձերբակալված էր և գտնվում էր համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ձերբակալվածների պահման վայրում: Մայիսի 16-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, ձերբակալվածի մոտ նկատվել է հոգեկան անհավասարակշիռ վարքագիծ, ինչից հետո հրավիրվել է շտապօգնություն: Շտապօգնության բժշկի ցուցումով ձերբակալվածը ոստիկանների ուղեկցությամբ՝ շտապօգնության մեքենայով, տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն»:
Հովհաննիսյանի՝ կախվելու միջոցով ինքնասպանություն գործելու մասին հաղորդումը «Նուբարաշեն» հոգեկան առողջության պահպանման կենտրոնից ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում ստացել են երեկ ժամը 18:07-ին: