Ուժայինները ձերբակալել են «Ուժեղ Հայաստանի» 10 համակիրների՝ «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության ներկայացուցիչների հետ տեղի ունեցած միջադեպից հետո:
ՔՊ անդամները Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ քարոզարշավ էին իրականացնում Լոռու մարզում։
Նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու կասկածանքով քաղաքացիների ձերբակալման մասին Armenia Today-ին հայտնել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը՝ չհստակեցնելով գործի այլ մանրամասներ։
«Ուժեղ Հայաստան» դաշինքն ավելի ուշ քննադատել է իրավապահների և Պապիկյանի գործողությունները։ Երևանի Նոր Նորք վարչական շրջանում նախընտրական հավաքի ժամանակ դաշինքի քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը մեկնաբանել է կատարվածը՝ քննադատության ենթարկելով ուժային կառույցների և անձամբ Պապիկյանի գործողությունները։
Նա հայտարարել է, որ ցավում է Պաշտպանության նախարարի դիրքորոշման համար։ «Ամեն անգամ ես չեմ ուզում անդրադառնալ, դու էլի մի բան ես ասում։ Մի՛ արա։ Դու Վահագնը չես, դու էն մյուս տղան չես, դու գյուղի նորմալ տղա ես, մի արա տենց բան, իրանք ոչ գեղ ունեն, ոչ պապ ունեն, ոչ բեղ ունեն։ Մի հատ պայուսակ են վերցնելու գնան, մենք մնալու ենք։ Ուրիշ բան չեմ ասում»,- ասել է նա։
Պապիկյանի տարածած տեսանյութում երևում է, որ Տաշիր համայնքի Մեծավան գյուղում «Քաղաքացիական պայմանագրի» ավտոշարասյանը, որը գլխավորում էր Պապիկյանը, դիմավորում են ընդդիմադիր «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչները՝ վանկարկելով «Սամվե՛լ, վարչապետ»։ Պապիկյանը ոստիկաններին հորդորում է «կարգի հրավիրել քաղաքացիներին» նաև «ճանապարհ, ճանապարհ» է ասում, բայց տեսնայութում պարզ չէ արդյո՞ք ճանապարհը փակված է, թե ոչ։
Դրանից հետո Պապիկյանը հայտարարել է, որ հորդորել է ոստիկանությանը կարգուկանոն ապահովել և սկսել է վանկարկել «Նիկո՛լ, վարչապետ»։ Միևնույն ժամանակ Պապիկյանը սպառնացել է ընդդիմախոսների «քաղաքական քոքը կտրել»։
«Ինչպես փորձը ցույց է տվել այս տարիներին՝ մեր ընթացքը կասեցնել հնարավոր չէ։ Այսօր ասել եմ, էլի եմ ասում՝ ձեր քաղաքական քոքը կտրելու ենք»,- ասել է Պապիկյանը։
