Բամփեցին կամ ինչպես Սամվել Կարապետյանը փակեց Ծառուկյանի քաղաքական էջը. ՌԵՏՐՈ-2015

Բամփեցին կամ ինչպես Սամվել Կարապետյանը փակեց Ծառուկյանի քաղաքական էջը. ՌԵՏՐՈ-2015

2015-ի մարտի 5-ին Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ հեռանում է ակտիվ քաղաքականությունից։

«Քաղաքական բոլոր հնարավոր ճանապարհներով ես փորձել եմ լուծումներ գտնել, բայց ես միշտ դեմ եմ եղել մայդաններին ու ցնցումներին։ Ես որոշում եմ կայացրել՝ այլևս չզբաղվել ակտիվ քաղաքականությամբ, վայր դնել կուսակցության նախագահի և խմբակցության ղեկավարի լիազորությունները։ Իմ խնդրանքն է ձեզ՝ ինձ այլևս քաղաքական հարցերով չդիմել, ես չեմ խառնվելու ձեր որևէ որոշմանը: Ես որևէ կապ այլևս չունեմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ»,- ասել էր նա։

Սա եղավ այն բանից հետո, երբ 2015 թվականի փետրվարի 12-ին ՀՀԿ գործադիր մարմնի նիստում գործող նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը հանդես եկավ հայտնի ելույթով, հայտարարելով, որ «Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը մեր երկրի համար դարձել է չարիք»:

ՀՀԿ-ում Սերժ Սարգսյանի ելույթից անմիջապես հետո Ծառուկյանը հայտարարել էր ՀԱԿ-ի ու Ժառանգության հետ եռյակի համագործակցության շրջանակներում հանրհավաքների և անդադար բողոքի գործողությունների մասին, անգամ՝ մեծ հանրահավաքի օր էր նշանակվել փետրվարի 20-ը։ Սակայն այդ օրվա հանրահավաքը ԲՀԿ-ն չեղյալ հայտարարեց, և Ծառուկյանն էլ ավելի ուշ դուրս եկավ քաղաքականությունից։ Մամուլը գրեց, որ նա այդ որոշումը կայացրել էր ռուսաստանահայ գործարար, «Տաշիր» գրուպի սեփականատեր Սամվել Կարապետյանի հետ հանդիպումից հետո, իսկ նա ՌԴ-ից հատուկ Երևան էր եկել Ծառուկյանին քաղաքականությունից հանելու համար։

Radar Armenia-ն ներկայացնում է այս թեմայով Armlur.am-ի 2015թ. փետրվարի 17-ի հրապարակումը Ծառուկյանի ու Կարապետյանի հանդիպման մասին։

«Armlur.am-ը երեկ տեղեկացրել էր, որ Հայաստան է ժամանել «Տաշիր» ընկերության սեփականատեր, մոսկվայաբնակ Սամվել Կարապետյանը, որպեսզի հաշտեցնի Սերժ Սարգսյանին և Գագիկ Ծառուկյանին: Երեկ գիշեր միմյանց են հանդիպել Ծառուկյանն ու Կարապետյանը, որոնց է միացել նաև ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը. վերջինիս անունը դեռ ճշտվում է: Զրուցել են իրավիճակից դուրս գալու ելքերի մասին: Կարապետյանն ասել է, թե ինչ և ինչպես անել, որպեսզի և՛ գառները ողջ մնան, և՛գայլերը կուշտ լինեն:

Armlur.am-ին քիչ առաջ հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանը հանդիպել է նաև Սերժ Սարգսյանին, երկար զրուցել նրա հետ, բացատրել, որ շատ հարցերում ոչ թե Ծառուկյանն է մեղավոր, այլ՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որը գծագրել է ողջ սցենարը: Եվ լուրեր կան, որ սառույցը որոշ չափով կոտրվել է: Երկու օր առաջ սկսված գրոհը` ընդդեմ Ծառուկյանի, այս պահին դադարեցված է: Բոլորը սպասում են բանակցությունների ավարտին, որից հետո կա՛մ նոր թափով կսկսվի հարձակումը կա՛մ էլ պետական բոլոր օղակները կմոռանան Ծառուկյանի մասին:

Armlur.am-ը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանից հետաքրքրվեց՝ արդյոք ԲՀԿ-ում դեռ այնպիսի տրամադրություններ են, որ պետք է գնալ մինչեւ վերջ` ընդհուպ մինչև առճակատման: Ուրիխանյանը նախ հայտարարեց, որ ինքն իրավասու չէ նման մարդկանց հանդիպումների հետ կապված տեղեկություն տրամադրելու, ապա ասաց. «Ինչ վերաբերում է առճակատման մասին խոսակցություններին, մենք ձգտում ենք իշխանափոխության: Սրանով ամեն ինչ ասված է, իշխանափոխությունը պետք է տեղի ունենա օրենքի շրջանակներում՝ առանց ծայրահեղ ցնցումների, որոնք հղի են անդառնալի հետևանքներով երկրի համար: Իշխանությունը գնում է առճակատման, թե՝ ոչ, մենք գնում ենք ծանրակշիռ, բայց հավասարակշռված մեթոդաբությամբ: Թե իրենք ինչ ճանապարհով են գնում, դուք տեսնում եք»:

Մեր մյուս հարցին, թե Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումն արդեն կայացել է, ինչ նոր պայմանավորվածություն է ձեռք բերվել, Ուրիխանյանը պատասխանեց. «Ես, բնականաբար, նման տեղեկություն չունեմ»»։

Leave a Comment