Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի հարցում «ճիշտ որոշում» կայացնելու մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ իրեն կհաջողվի Իրանից հասնել Հորմուզի նեղուցի բացմանը։ Այս մասին «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ նախագահը հայտարարել է Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Թրամփի խոսքով՝ ինքը կկայացնի ճիշտ որոշում, նեղուցը կբացվի, Իրանը միջուկային զենք չի ունենա, իսկ աշխարհը կշարունակի ապրել իր սովորական կյանքով։ Սակայն ԱՄՆ ղեկավարը չի հստակեցրել, թե հատկապես ի՞նչ միջոցներ է պատրաստվում ձեռնարկել այդ ուղղությամբ, ասված է հրապարակման մեջ։

Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որ Միացյալ Նահանգները բազմիցս մոտ է գտնվել Իրանի հետ հակամարտության դիվանագիտական լուծմանը, սակայն ամեն անգամ Թեհրանը հրաժարվել է գործարքից։

ԱՄՆ-ն և Իսրայելն սկսել էին հարվածներ հասցնել Իրանին փետրվարի 28-ին, ապրիլի 8-ին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության էին եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ: Իսլամաբադում կայացած բանակցությունների առաջին փուլն ավարտվել էր անարդյունք։ ԱՄՆ ռազմածովային ուժերն ապրիլի 13-ին սկսել էին Իրանի նավահանգիստների շրջափակումը։

Ապրիլի 22-ին նախատեսված բանակցությունների երկրորդ փուլը չէր կայացել։ Մայիսի 1-ին Սպիտակ տունը պաշտոնապես տեղեկացրել էր ԱՄՆ Կոնգրեսին, որ Իրանի հետ պատերազմն ավարտված է համարում։ Մայիսի 5-ին ԱՄՆ-ն հայտնել էր Հորմուզի նեղուցի բացման մասին։

Leave a Comment