
Ներկայացուցչությունից հայտնում են՝ դեսպան Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի կենսական շահագրգռվածությունն իր տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման հարցում՝ ընդգծելով դեէսկալացիայի, դիվանագիտության և միջազգային մարդասիրական իրավունքի լիարժեք հարգման հրատապ անհրաժեշտությունը, միաժամանակ մատնանշելով տարածաշրջանային ճգնաժամերի ավելի լայն հետևանքները գլոբալ առևտրի, կապակցվածության և տնտեսական կայունության վրա։
Ներկայացնելով Հայաստանի դիրքորոշումը որպես դեպի ծով ելք չունեցող երկիր՝ նա ընդգծել է, որ տարանցիկ ուղիների խաթարումները, վառելիքի և էներգետիկ գնաճը, ինչպես նաև խորացող տնտեսական անորոշությունը անհամաչափորեն ազդում են կառուցվածքային խոցելիություններ ունեցող երկրների վրա։ Նա կոչ է արել ամրապնդել միջազգային համագործակցությունը՝ մատակարարման շղթաների դիմակայունությունն ու կանխատեսելիությունը բարձրացնելու, տրանսպորտային և էներգետիկ երթուղիների դիվերսիֆիկացման, ինչպես նաև զարգացող երկրներին ժամանակին և մատչելի միջազգային ֆինանսական աջակցություն ապահովելու նպատակով։