Իրանը դառնում է ԱՄՆ-Չինաստան մրցակցության «պրոկսի-կետ». Գանտահարյան

Իրանը դառնում է ԱՄՆ-Չինաստան մրցակցության «պրոկսի-կետ». Գանտահարյան

Radar Armenia-ի զրուցակիցն է միջազգայնագետ Շահան Գանտահարյանը։

— Պարոն Գանտահարյան, տեղի ունեցավ ԱՄՆ նախագահի այցը Չինաստան։ Եթե ամփոփելու լինենք, ի՞նչ եզրակացություններ կարելի է անել այս այցից, և որո՞նք էին հիմնական արդյունքները։

— Հայտարարությունները լավատեսական են, սակայն չեմ կարծում, որ բեկումնային պահ է։ ԱՄՆ-ն և Չինաստանը մնալու են տնտեսական մրցակիցներ, սակայն միտումն այն է, որ դա լինելու է առանց սուր հակամարտության։ Փորձում են համաձայնաբար վերահսկել մրցակցային գործընթացները․ այստեղ կա փոխկախվածության գործոն։ Դա հասկանում են կողմերը և փորձում են գտնել ընդհանուր մոտեցումներ ու շահեր։

— Հաղորդվեց, որ Թրամփն ու Սին քննարկել են Իրանի և Հորմուզի նեղուցի բացման հարցը։ Թրամփն ասել է. «Թե՛ ԱՄՆ-ն, թե՛ Չինաստանը ցանկանում են, որ նեղուցները բաց մնան առևտրի և էներգակիրների ազատ տեղաշարժի համար»։ Արդյոք այդպես կլինի՞, թե՞ ոչ։

— Երկու գերտերություններն էլ ուզում են Հորմուզի վերաբացումը։ ԱՄՆ նախագահին չհաջողվեց նախքան Պեկին մեկնելը լուծել Հորմուզի հանգույցը։ Ստացվում է, որ Հորմուզի «մեծ գործարքը» որոշելու են Չինաստանն ու ԱՄՆ-ը։ Վաշինգտոնն ակնկալում է, որ Պեկինը ճնշում գործադրի Թեհրանի վրա, որպեսզի վերջինս գնա գործարքի։ Այս տրամաբանությամբ Իրանը դառնում է Չինաստան-ԱՄՆ համաձայնության «պրոկսի-կետ» (proxy point):

— Թրամփը նաև նշել է, որ իր համբերությունն Իրանի հարցում սպառվելու է. սա ի՞նչ է նշանակում, արդյոք առաջիկայում կրկին ակտիվ ռազմական գործողություններ կլինե՞ն։

— Չեմ կարծում։ Դա սպառնալիք է և ճնշում՝ համաձայնության գնալու համար։ Բայց արդեն չինական կանոնները գործում են, և նախ Իրանն իր առնելիք քայլերը պիտի համաձայնեցնի Չինաստանի հետ։

— Ի՞նչ հետևանքներ կունենա այս այցը և առաջիկա սպասվող զարգացումները մեր տարածաշրջանի վրա։

— Նկատենք, որ Թրամփի այցից անմիջապես հետո սպասվում է Պուտինի այցը Չինաստան։ Սա խոսում է տնտեսական աշխարհակարգի նոր ձևավորումների գործընթացին ռուսական ներգրավվածություն ապահովելու մասին։ Թրամփի և ապա Պուտինի այցերը Չինաստան հուշում են Պեկինի էպիկենտրոնային նշանակության մասին համաշխարհային տնտեսությունում։ Իսկ Չինաստանով միջնորդավորված եռակողմն այս դեպքում կկանխի ցնցումները տարբեր աշխարհագրական միջավայրերում, այդ թվում՝ Հարավային Կովկասում։

Արման Գալոյան

Leave a Comment